Կադրային սխալ նշանակումներ կարող են լինել, ոչ մեկն ապահովագրված չէ. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19-07-2018 15:07:27 | Հայաստան | Հասարակություն
«Կարևորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է՝ մենք որոշումների գերին ենք մնում, թե՝ չէ: Եթե մեր որոշումներից հետո տեսնում ենք, որ որոշակի առումով վերապահումներ կան, հակառակ որոշումներն ենք ընդունում, անցնում առաջ»,- Կառավարության հուլիսի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ կոչ անելով վերջիններիս մեկընդմիշտ փակել կադրային նշանակումների թեման:
Նշենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետի պետ է նշանակվել Պիտուլ մականունով հայտնի Արթուր Գասպարյանը, որն Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը:
Դ. Անանյանի պարզաբանմամբ՝ վերոնշյալ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ, քանի որ վերջինիս քույրը տղա չունի, փոխարենը նրանք հեռավոր ազգակցական կապերով են կապված:
«Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաև գրված էր, որ ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ և կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի՝ աշխատակիցները նման բան ասել են, թե՝ ոչ, և, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական, չակերտավոր ասած, բաների մեջ վերապահումները տեղին են, թե՝ չէ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Վերջինիս խոսքերով՝ հնարավոր չէ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք բացարձակապես մաքուր են և հրեշտակի թևեր ունեն:
«Դուք գնահատեք մեր աշխատանքը, այլ ոչ թե օրինակ՝ Անանյանը լավ կադրային քաղաքականություն է վարում, թե չէ. Կադրային սխալ նշանակումներ կարող են լինել, ոչ մեկն ապահովագրված չէ»,- նկատեց Դ. Անանյանը: