Մանկական մահացության դեպքերը Հայաստանում նվազում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մանկական մահացության դեպքերը Հայաստանում նվազում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-07-2018 16:35:12   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մանկական մահացությունը թե մինչև 1 տարեկան, թե մինչև 5 տարեկան աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել: 
 
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, 2017 թվականին արձանագրվել է մինչև 1 տարեկան 308 մանկական մահվան դեպք, իսկ մինչև 5 տարեկան՝ 350 մահվան դեպք: 
 
Ըստ նրա՝ մանկական և մայրական մահացությունը ցանկացած երկրի առողջապահական համակարգի կարևորագույն ցուցիչներից է, հետևաբար իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում՝ ուսումնասիրելով ցանկացած նման դեպք: 
 
«Եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա, ապա որքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր մեկ երեխա մահանում է: Դրանք հիմնականում այն դեպքերն են, ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- նշեց Ա. Թորոսյանը: 
 
Անդրադառնալով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում իրականացվող ստուգումներին՝ նախարարը փաստեց, որ խախտումներ են հայտնաբերել, որոնց մասին հաղորդագրություն են ուղարկել դատախազություն՝ պարզելու, արդյոք քրեական գործ հարուցելու տարրեր կան, թե ոչ: 
 
Նրա խոսքերով՝ ամենամեծ ծավալով խախտումները վերաբերում են չբուժված հիվանդների համար պետությունից գանձված գումարներին: 
 
«Հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումար է գանձվել: Այս պահի դրությամբ մոտ 300 միլիոն դրամի խախտում է: Խոսքը սոցփաթեթի ծրագրի մասին է, որ 2016-ին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում էր 8000 դրամ, այդ մարդկանց մոտ 90 տոկոսը պլյուս-մինուսով ձևակերպվել են նաև ստացիոնար բուժման և նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ»,- փոխանցեց Ա. Թորոսյանը՝ շեշտելով, որ նմանատիպ ստուգումներ կիրականացվեն նաև այլ խոշոր բուժհիմնարկներում: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն