Համակարգում գործելու է միայն ջրի արդար բաշխման սկզբունքը՝ զերծ կոռուպցիայից


Համակարգում գործելու է միայն ջրի արդար բաշխման սկզբունքը՝ զերծ կոռուպցիայից

  • 19-07-2018 17:05:51   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 հազ. կվտ/ժ էլ. էներգիա՝ 437,684 հազ. դրամ արժեքով: 
Սա մի հատված է ամփոփ հաշվետվությունից, որ ներկայացվել է Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը կայացել է խոշորացված՝ Արագած համայնքում, ջրօգտագործողների, համայնքների ղեկավարների և ՋՕԸ պատասխանատուների մասնակցությամբ: 
 
«Ես այս համակարգին շատ լավ ծանոթ, ոլորտի մանագետ եմ, ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման ակունքում եմ եղել, հետևաբար գիտեմ նաև խնդիրներն ու խոցելի կողմերը: Դրանք միանգամից լուծվող չեն, բայց ամենօրյա ջանադիր աշխատանքն ու յուրաքանչյուր քայլ մեզ ավելի կմոտեցնեն դրանց կարգավորմանը: Մենք միասին պիտի աշխատենք ու արդյունքի հասնենք»,- ջրօգտագործողների հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահը։ 
Ջրօգտագործողների ընկերությունները, ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները, խոսել են նաև այս տարվա մարտահրավերների մասին, որոնցից առաջինը ջրասակավությունն է։ Առավել ևս նման պայմաններում ջրի արդար բաշխումը խիստ կարևորվում է։ Ջրօգտագործողները ներկայացրել են իրենց մտահոգությունները, դժգոհել որոշ տեղամասերի ջրամատակարարումից, ջրի անհամաչափ բաշխումից։ «Նման վիճակի համար մեղավորը միայն ձեր ընկերությունների պատախանատուները չեն։ Դուք էլ պետք է իրացնեք ձեր իրավունքները, հիշեք, որ որպես ջրօգտագործող պետք է միասին որոշումներ կայացնեք ու մասնակցեք ձեր իսկ ընկերությունների կառավարմանը։ Եթե նախկինում ինչ-ինչ պատճառներով դուք ձեռնպահ եք մնացել դրանից, ապա նոր Հայաստանում պետք է տեր ու պահանջատեր լինեք ձեր իրավունքներին։ Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու։ Խաբեբայություն, գողություն, կոռուպցիա ու աչքակապություն չի լինելու։ Դուք սրանում շատ շուտ կհամոզվեք, խոստանում եմ»,- հայտարարել է տիկին Գաբայանը։
 Բնակիչները խոսել են նաև կուտակված պարտքերից, կասկածներ հայտնել ջրաչափության հավաստիության վերաբերյալ։ ՋՕԸ աջակցող թիմի պատասխանատու Կարեն Դադոյանը վստահեցրել է, որ պատրաստ են ցանկացած կասկած ստուգել տեղում, լրացուցիչ ջրաչափություն իրականացնել։ Իսկ կուտակված պարտքերի վերլուծությունը կրկին անգամ հուշում է, որ երկրում գերնորմատիվային հողերի նկատմամբ պետք է հստակ քաղաքականություն իրականացվի, պետք է կանգնել գյուղացու կողքին, աջակցել, որպեսզի կարողանա աստիճանաբար հրաժարվել ամենամյա մշակաբույսերից և անցնի պտղատու այգիների։ Օրվա դրությամբ կուտակված՝ ջրի 16 մլրդ դրամ պարտքից 12 մլրդ-ը գոյացել է հենց գերնորմատիվային հողատարածքներին մատակարարված ջրի արդյունքում: Որոշ ջրօգտագործողներ էլ անդրադարձան ոռոգման ջրի սակագնին, համարելով, որ այն թանկ է։ 
Կոմիտեի նախագահը պարզաբանել է, որ ի տարբերություն հանրային մյուս ծառայությունների, ոռոգման ջրի վարձը անփոփոխ է տարիներ շարունակ՝ նաև պետական սուբսիդավորման շնորհիվ և խորհուրդ տվել ոչ թե ջրի էժանացման սպասել, այլ բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը։ Իսկ նրանց, որ անվճար ջուր ու մանանա են խոստանում՝ հետին նպատակներով, պարզապես չհավատալ։ Օրվա հաջորդ հանդիպումն Աշտարակում էր՝ տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների հետ։ Այստեղ էլ խնդիրները գրեթե նույնն են՝ տեղային առանձնահատկություններով։
 Տարածաշրջանը սպասարկող Արզնի-Շամիրամ ջրանցքը սնվում է Սևան-Հրազդանյան դերիվացիոն ջրանցքից և այդտեղ ջրի հորիզոնի հաճախակի տատանումների հետևանքով Արզնի-Շամիրամ ջրանցքի իշխման տակ ընկած հողատարածքների ոռոգումը իրականացվում է ընդհատում ներով , ինչը հարուցում է ջրօգտագործողների արդարացի դժգոհությունը: Աշտարակում դժգոհություններ են հնչել նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից։ Կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցրել է զրուցակիցներին, որ լրացուցիչ գույքագրելով խնդիրները, շատ արագ առաջնահերթություններ կսահմանեն և օպերատիվ լուծումներ կտան ջրի բաշխման հետ կապված հարցերին, քայլեր կձեռնարկեն համակարգի էներգամատակարարման խնդիրները ևս արագ կարգավորելու նպատակով։
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն