Անտուն մնացած քաղաքացիները նոր կառավարությունից պահանջում են լուրջ մոտեցում և շուտափույթ լուծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-07-2018 17:30:02   | Հայաստան  |  Հասարակություն
 


Սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» ընկերությունից տուժած քաղաքացիներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ պահանջելով պատկան մարմիններից լուրջ մոտեցում և շուտափույթ լուծում իրենց հարցին: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց Կարինե Յարմալոյանը, 2008 թվականին պայմանագիր է կնքել կառուցապատող հիմնարկ փակ բաժնետիրական ընկերություն «Գլենդել Հիլզ»-ի հետ, կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները, բայց այսօր հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ շենքը չկառուցած՝ «Գլենդել Հիլզ»-ը սնանկ է ճանաչվել: 
 
«Ես կոնկրետ այդ ժամանակվա դրությամբ համարյա 100 հազար դոլար վճարել եմ ու հիմա չեմ կարողանում ետ ստանալ ոչ գումարը, ոչ էլ բնակարանը: Ճիշտ է՝ օրենքի համաձայն սնանկության կառավարիչ են նշանակել, դատը եղել է, մեզ հերթագրել են, բայց ամբողջը ձևական է»,- ընդգծեց Կ. Յարմալոյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ իրենց համար կառուցվող ներկայումս կիսակառույց շենքը «Ամերիաբանկ»-ը բռնագանձել է գրավի դիմաց, իսկ վերջինիս կողմից բնակիչներին առաջարկվող նոր պայմանագրի պայմանները «ահավոր վատն են»: 
 
Հավաքվածներից էլ Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 
 
«Նամակների պատասխանները դեռևս գրավոր չենք ստացել, բայց պարբերաբար հանդիպում ենք համապատասխան մարմինների հետ: Չգիտեմ, էլի նույն խոստումներն են, դրական մոտեցումը, բայց ոչ մի ելք չենք տեսնում և ստիպված ամեն անգամ գալիս ենք այստեղ»,- նշեց նա: 
 
Բնակիչների փոխանցմամբ՝ նույն խնդրով լուծում են պահանջում շուրջ 350 ընտանիքներ, որոնք այժմ ապրում են վարձով: 
 
Նրանք պահանջում են ոչ միայն պատասխանատվության կանչել «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներին, այլև կիսակառույցը շենքն ավարտին հասցնել և իրենց ապահովել բնակարաններով: 
 
Նշենք, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 694 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար