Հ. Յ. Դաշնակցության հայտարարությունն ի զորակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու


Հ. Յ. Դաշնակցության հայտարարությունն ի զորակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու

  • 19-07-2018 17:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։
 
Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության  հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլև եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգևոր միասնության համակարգին։
 
 Սահմանադրությամբ ճանաչված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ հետևաբար պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։
 
Քննադատելու, բողոքելու իրավունքի իրացումը կարևոր է, սակայն չի կարելի ժողովրդավարությունը շփոթել ամենաթողության հետ՝ խտրականություն չդնելով  պայքարի միջոցների և եղանակների մեջ։
 
  Հ.Յ. Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և կոչ է անում պատկան մարմիններին օրենքի շրջանակներում կանխել մեր հոգևոր և ազգային միասնության դեմ ուղղված, իրենց բնույթով աղանդավորական եւ  կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները։
 
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
 
19.07.2018
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play