Խցանում Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում. արձագանքը չուշացավ


Խցանում Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում. արձագանքը չուշացավ

  • 19-07-2018 18:31:00   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կոյուղագծի դիտահորի խցանման մասին Վեոլիա ջուր ընկերությունը ահազանգ էր ստացել շուրջ 7 օր առաջ:  
 
Արձագանքը չէր ուշացել: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել էր, որ խոսքն ավելի բարդ խնդրի մասին է: Ոչ մետաղալարով, ոչ հատուկ փչող տեխնիկայով՝ երկու կողմից խցանումը բացել չէր հաջողվել: Դուրս հոսող ցեխաջուրը վկայում էր. խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծն կոտրվել էր, թերեւս այս բանուկ փողոցով անցնող բեռնատարների ծանրության տակ: Ինչպես հետո պարզվեց՝ միանգամից երեք տեղից: Կոյուղատարը լցվել - փակվել էր հողով ու ապարներով: Այստեղից էլ խցանումը:
 
Երեկվանից խաչմերուկում աշխատում է Վեոլիա Ջուր ընկերության  «Արեւմուտք» տարածաշրջանային տնօրինության «Մաշտոց» տեղամասի շինարարական տեխնիկան ու մասնագետները: Գործի ամենադժվար մասն արդեն հետեւում է մնացել: Երկու էքսկավատոր նախ «մուրճով» քանդել են ասֆալտե հարգանքի արժանի հաստության ծածկը՝ առնվազն 20 սմ, այնուհետեւ սկսել են հողային աշխատանքները: Այսօր արդեն մեկ էքսկավատոր էր աշխատում: Բռնել էր «իզը» ու խրամուղի էր բացում:
 
Տեղամասի գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանն ասում է, որ հիմա վնասված 35 մետրանոց հատվածում՝ առաջին դիտահորից մինչեւ երկրորդ դիտահոր, կոյուղատար խողովակը փոխարինվում է նորով: Աշխատանքի արագ ավարտին առաջացած լրացուցիչ խնդիրներն են խանգարում: Տարածքում հայտնաբերվել է «գոյություն չունեցող» գազատար (լավ է՝ չգործող), ինչպես նաեւ Բիլայնի կորած դիտահոր՝ մոտ 40 սանտիմետր խորության վրա: Դրանից դուրս է գալիս մոտ 15 մալուխ, որը լուրջ խոչնդոտում է գործին: Տեխնիկա հնարավոր չէ այստեղ մտցնել, տղաները ձեռքով են աշխատում, որ հատվածն անցնեն:
 
Ըստ Հրանտ Դանիելյանի՝ հին կոյուղագիծ վերանորոգելն այլեւս իմաստ չուներ: Այստեղ փաստորեն նոր կոյուղի է կառուցվում: Ասենք նաեւ, որ կոյուղագծից բացի, խնդրի լուծման նպատակով կառուցվելու է 2 նոր դիտահոր, իսկ մեկն էլ վերակառուցվելու է:
 
Այս տրանսպորտային հանգույցը կարեւորագույններից մեկն է Երեւաւնում: Դրա համար էլ նպատակ է դրվել, չնայած խոչնդոտներին, առաջիկա 2-3 օրերին ավարտել կոյուղագծի շինարարությունը: Ասֆալտապատումն էլ կարվի մոտ 5 օրից: Խաչմերուկը կբարեկարգվի ու կգործի սովորական աշխատանքային ռեժիմով:
 
Հանրային կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն