ԱԳԼՃԿ-ների հիմնական խախտումները Երևանում, որպես կանոն, վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին․tert.am


ԱԳԼՃԿ-ների հիմնական խախտումները Երևանում, որպես կանոն, վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին․tert.am

  • 19-07-2018 18:51:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ 340-ից ավելի ավտոգազալիցքավորման ճնշակայաններում՝ ԱԳԼՃԿ-ներում վերջին 10-15 օրերին իրականացվել են հրդեհա-տեխնիկական հետազոտություններ, և տրված կարգադրագրի համաձայն՝ խախտումները պետք է վերացվեն համապատասխան ժամկետներում:
 
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, ով ներկայացրեց հայտնաբերված խախտումների բնույթը:
 
«Խախտումները տարբեր են, նշեմ հիմնականները՝ դրանք հրդեհային միջտարածություններն են, Երևանում, այսինքն՝ գազալցակայանի և հարակից շենք-շինությունների։ Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում, ուղղակի ամենատարածված խախտումներն են, 6-7 տոկոսի մոտ է հայտնաբերվել: Մարզերում, ըստ ԱԻՆ պաշտոնյայի, նման խնդիր չկա:
 
 
 
Հարցին, թե միջտարածությունների խախտումների պարագայում արդյո՞ք այդ լցակայանները ենթակա են ապամոնտաժման, Սերգեյ Հայրապետյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ լինի ապամոնտաժման հարց, հնարավոր է՝ որոշակի հակահրդեհային միջոցառումների միջոցով խնդիրները լուծվեն: Օրինակ՝ հնարավորություն կա հակահրդեհային պատ կառուցելով՝այդ հարցը լուծել: Կամ եթե պահանջը 50 մետր է, բայց փաստացի 30 մետր է, կարելի է որոշակի պատնեշ կառուցել և գոնե կոմպենսացվի այդ թերությունը: Մի խոսքով, եթե լուծումների հնարավորություն կա, ապամոնտաժման հարց չի առաջանա»:
 
Դիտարկմանն էլ, թե ո՞րն է ԱԳԼՃԿ-ի մեղքը, չէ՞ որ թույլտվությունը տրված է եղել Քաղաքաշինության կոմիտեի կողմից, Սերգեյ Հայրապետյանը արձագանքեց. «Խնդիրը տարբեր է, քանի որ հնարավոր է, որ տնտեսվարողները շինարարության ժամանակ որոշակի խախտումներ անեն և տարածություն խախտեն»:
 
Ըստ ԱԻՆ պաշտոնյայի՝ պատահում է նաև, երբ ԱԳԼՃԿ-ն կառուցելուց հետո է նոր շինություն կառուցվում, և խախտվում են միջտարածության նորմերը:
 
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն, փաստորեն, նոր իրողություն­ները ոչինչ չեն փոխել, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա, քանի որ նոր քարտեզներ և նոր կանոնակարգեր են մշակվում:
 
ԱԻՆ պաշտոնյան նշեց, որ իրենց կառույցը միայն հրդեհային անվտանգության վերաբերյալ եզրակացություն է տալիս, ոչ թույլտվություն: Հետևաբար՝ միտումների մասին չի կարող նշել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը