Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը
19-07-2018 18:55:50 | Իրան | Քաղաքական
2018թ. հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը:
ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գարիկ Գրիգորյանը: Իրանի պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին, ընդգրկված էին ԻԻՀ ԱԳՆ նախարարության տարբեր ստորաբաժանումների փորձագետներ, ԻԻՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, քաղաքացիական ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներ:
Հայկական պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Հոսեյն Փանահի Ազարը:
Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկել են 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծել հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ԻԻՀ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2019թ. Երևանում: