Վարչապետը բացառում է Արցախի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն անընդունելի կլինի ժողովրդի համար
20-07-2018 16:52:17 | Հայաստան | Հասարակություն
Բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար:
Նման հայտարարությամբ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ անտրամաբանական է կառավարության ներկայացուցիչներին տալ այն հարցը, թե ընդունելի են համարում Արցախի հարցում տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումը:
Վարչապետի կարծիքով՝ նման հարցադրում անելուց առաջ, նախ պետք է հասկանալ, արդյոք հարցի այդ լուծումն ընդունելի է Ադրբեջանի համար:
«Այս իրավիճակում ես մի քանի անգամ նշել եմ, որ երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են որոշակի զիջումների: Ուզում եմ հասկանալ, ինչու ենք մենք քննարկում մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ այդ քայլին»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Վերջինիս խոսքերով, երբ որ Ադրբեջանից ուղերձ կստացվի, որ պատրաստ է գնալ փոխզիջման, ապա այդ դեպքում ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի կորոշվի, թե փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը՝ վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպել են կառավարական առանձնատանը, հաճելի զույց են ունեցել, որի ընթացքում ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել:
Նրա փոխանցմամբ՝ Լ. Տեր-Պետրոսյանը ցանկացել է իր հետ հանդիպել՝ կարծելով, որ կարող է վարչապետին այնպիսի տեղեկատվություն տրամադրել, որին վերջինս չի տիրապետում, մինչդեռ ինքը տիրապետում է Արցախի խնդրի շուրջ ամբողջ տեղեկատվությանը: