ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները


ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները

  • 21-07-2018 15:50:05   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 15-ին ՀԲԸՄ հրավերով Միացյալ Նահանգներ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Հայաստանում Փաշինյանի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Մանհեթենում հանդիպեց ՀԲԸՄ համայնքի անդամների հետ՝ բաց երկխոսություն վարելու նպատակով: Ելույթ ունեցողների թվում էին Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը, ովքեր Նյու Յորք էին ժամանել՝ մասնակցելու հուլիսի 16-ին և 17-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում կայանալիք բարձր մակարդակի քաղաքական խորհրդաժողովին՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում Հայաստանի արձանագրած առաջընթացը ներկայացնելու նպատակով:
 
Նկատի առնելով սփյուռք-հայրենիք հարաբերություններին նոր շունչ հաղորդելու՝ Փաշինյանի կառավարության հավաստիացումները, ՀԲԸՄ-ն, որպես առաջին քայլ, կազմակերպեց ընթրիք՝ գաղափարների և ռազմավարությունների մշակման գործում սփյուռքին տեղ հատկացնելու առթիվ, քանի որ նոր կառավարությունը ձևավորում է երկիրը տնտեսական և սոցիալական զարգացման նոր ուղու վրա դնելու խիտ օրակարգ: Ե՛վ ՀԲԸՄ-ն, և՛ Հայաստանի պաշտոնատար անձինք համաձայնեցին, որ վաղուց ժամանակն է՝ հայ սփյուռքի հետ փոխգործակցության նոր մոդել մշակել և լավագույնս օգտագործել սփյուռքի ներուժը:
 
Երեկոյի տրամադրությունն ապահովելու համար ՀԲԸՄ-ն վերահաստատեց միասնական համաշխարհային հայ ազգի գաղափարը ամրապնդելու կարևորությունը, որը միավորում է Հայաստանը, Եկեղեցին և սփյուռքը, որոնցից յուրաքանչյուրն ունի մյուսի կարիքը՝ վերջնական նպատակին հասնելու համար:
 
Բաց և անկաշկանդ երկխոսությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն որոշել էր առաջնորդվել բրիտանական ծագում ունեցող Չեթըմ հաուսի կանոններով, որը ելույթ ունեցողների և մասնակիցներին տրամադրում է գաղափարներ ներկայացնելու, հարցեր ուղղելու և տեղեկատվություն փոխանցելու ապահով հարթակ՝ այն սկզբունքով, որ արտահայտված որևէ միտք չի վերագրվելու որևէ անհատի կամ կազմակերպության: Հյուրերը հնարավորություն ունեցան պաշտոնատար անձանց հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների միջոցով խորությամբ դիտարկելու հարցերը:
 
 
Դատելով մասնակիցների արձագանքից՝ տպավորություն էր, որ դա ողջունելի և աշխուժություն հաղորդող մոտեցում է: Ինչպես երեկոյի ավարտին նշեց հյուրերից մեկը՝ «Սա հրաշալի հնարավորություն էր՝ մի քանի ժամ շարունակ շփվելու հայաստանյան պաշտոնյաների հետ, արտահայտելու տեսակետներս և տեսլականս, մտորելու պատասխանների շուրջ: Մենք խորամուխ եղանք փոխադարձ հետաքրքրություն ու մտահոգություններ հարուցող այնքա՜ն շատ հարցերի մեջ»: Հյուրերից մեկն էլ նշեց, որ այս միջոցառումը «չափազանց կարևոր էր Հայաստան-սփյուռք հարաբերությունների համար: Շատ բան իմացանք պետական ծառայությունների և սփյուռքի ներգրավման հնարավորությունների մասին, ինչը նախկինում չէր կարևորվում»:
 
Երեկոյի հիմնական թեման այն էր, թե ինչպես կարելի է իրական գործակցության և գործընկերության ոգով վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ նախկին բարեգործական մոտեցումների փոխարեն: Հարաբերությունները պետք է ձևավորվեն որպես հավասար գործընկերություն, որը կբնութագրվի ոչ միայն ֆինանսական մասնակցությամբ, այլև գիտելիքների փոխանցմամբ ու փորձի փոխանակմամբ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե սփյուռքի ներկայացուցիչները ինչպես կարող են «երկրի զարգացման հարցը իրենցը համարել՝ որպես ներդրողներ, տեխնիկական խորհրդատուներ և արդյունաբերության ոլորտի մասնագետներ՝ միաժամանակ իրենց համարելով համաշխարհային հայ քաղաքացիներ, ում ինքնությունը նոր թափ կստանա քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու արդյունքում»: Ինչպես մասնակիցներից մեկը ձևակերպեց՝ «Սփյուռքահայերը պետք է հավասար խաղացողներ լինեն»:
Երեկույթի ընթացքում ներկայացվեցին հստակ առաջարկություններ՝ խրախուսելու համար սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես իրականացնելը՝ հատուկ շեշտադրելով բարձր տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում առկա հսկայական ներուժը: Առաջարկություններն ամփոփվեցին և տրամադրվեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, որպեսզի վերջինս ձևավորի գործընկերության օրակարգը և այն ներկայացնի Երևանում որոշումներ կայացնող համապատասխան ատյաններին:
 
Երեկույթի ողջ ընթացքում հիշատակվում էր Հայաստանի և սփյուռքի միջև նոր շփումների ձևավորման գործում ՀԲԸՄ-ի դերակատարության կարևորությունը՝ վերջինիս համաշխարհային կապերի, կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում երկարամյա ազգանվեր գործունեության շնորհիվ: ՀԲԸՄ-ի ներկայիս նախաձեռնություններից է՝ կանանց հզորացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում փոքր բիզնես սկսող կամ այն ընդլայնող կանանց, «ՔՀ Կամուրջ» ծրագիրը, որը սփյուռքահայ մենթորներին հնարավորություն է ընձեռում գրանցվելու Together4Armenia (Միասին՝ հանուն Հայաստանի) առցանց հարթակին և իրենց հմտությունները մեկտեղելու սեփական կարողությունները զարգացնելու ուղին բռնած տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի հետ: ՀԲԸՄ-ն նաև ԿԶԾ նորարարության Հայաստանի ազգային լաբորատորիայի գործընկերն է. սա քաղաքացիական մասնակցության, փորձարարության, գործակցության և վերլուծության հարթակ է, որը կոչված է օգնելու Հայաստանի զարգացման ներուժի բացազատմանը և 2050թ. կայուն զարգացման նպատակների կենսագործումը խթանելուն: Առանձնացվեց Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող արդյունաբերության երեք ճյուղ. զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն:
 
Հայաստանյան պատվիրակության համար երեկոն ևս նպաստավոր էր բաց քննարկումների և ներկայացված գաղափարները տեղում գնահատելու համար, ինչը նրանց թույլ կտա Երևան վերադառնալ ազատ և բաց հասարակությունում համատեղ ուժերով ազգանվեր գործունեության  հաջորդ փուլի մասին ավելի հստակ նպատակադրումով: 
 
Միջոցառումից հետո ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը գոհունակություն հայտնեց փոքր խմբով երեք ժամ տևած բովանդակալից զրույցի ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: «ՀԲԸՄ-ն մշտապես արտահայտել է այն գաղափարը, որ եթե ուզում ենք, որ Հայաստանը հաջողի որպես երկիր, իսկ սփյուռքը բարգավաճի որպես համայնք, մենք պետք է մտածե՛նք և գործե՛նք որպես մեկ միասնական համաշխարհային ազգ: Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության խաղաղ փոխանցման առթիվ Հայաստանի քաղաքացիների արթնացած հույսերից զատ, սփյուռքը և՛ս պետք է ապագային նայի նոր աչքերով, բաց մտքով և լայն սրտով՝ ի կատարումն առաջիկա կարևոր գործերի: ՀԲԸՄ-ն ողջունում է ներգրավման այս նոր միջավայրը և պատրաստակամություն է հայտնում իր ծանրակշիռ դերակատարությունն ունենալ Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման գործում՝ սփյուռքի անմիջական ներգրավումը և աջակցությունը խրախուսող ծրագրերի միջոցով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն