Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, Impact Hub Yerevan-ի և Catalyst Foundation փոխգործակցությամբ իրականացվող ImpactAim աքսելերատորի առաջին փուլի մասնակից չորս ստարտափ ընկերությունները 2018թ. հուլիսի 9-12-ը Հոնգ Կոնգում մասնակցեցին RISE 2018 համաժողովին։
Համաժողովի հիմնական նպատակն էր մասնակից ընկերություններին հնարավորություն ընձեռել ներկայանալ և ձեռք բերել միջազգային ճանաչում գործառնությունների ընդլայնման և ներդրումների ներգրավման համար:
Չորսօրյա կոնֆերանսը հյուրընկալել էր ավելի քան 15.700 մասնակիցներ 102 երկրներից, որոնց թվում էին 316 խոսնակներ և ավելի քան 450 ներդրողներ: Խոսնակների թվում էին Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Didi Chuxing-ի համահիմնադիր Բոբ Չանգը, Grab-ի համահիմնադիր Թան Հուի Լինգը, Amazon-ի տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Վերներ Վոգելսը, Recode-ի գործադիր խմբագիր Կառա Սվիշերը, և YouTube-ից Ջեննա Մարբելսը:
Մասնակից ընկերություններն էին`
Dasaran․am
Sylex AI
WiCastr
IIoT Think Lab
Յուրաքանչյուր ընկերություն մեկ օրով իր ցուցահանդեսային տաղավարում արտադրանքները ցուցադրելու և նոր կապեր հաստատելու հնարավորություն ուներ։ Ընկերությունների հիմնադիրներին հնարավորություն էր ընձեռվել անձամբ շփվելու ավելի քան 150 պոտենցիալ ներդրողների և գործընկերների հետ։ Համաժողովը յուրահատուկ հարթակ հանդիսացավ ընթացիկ քննարկումների և հանդիպումների համար։ Dasaran-ը և WiCastr-ը ընտրված 70 ստարտափների թվում էին, որոնք պետք է ներկայացնեին իրենց գործունեությունը համաժողովի մասնակիցներին։ WiCastr-ը դարձավ կիսաեզրափակչի 20 մասնակիցներից մեկը։
ImpactAim վենչուրային աքսելերատորի կողմից իրականացվող համաժողովները կկրեն շարունակական բնույթ։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ իրականացվող ImpactAim վենչուրային աքսելերատորն առաջինն է Հայաստանում, որն ուղղված է Կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստող ստարտափների զարգացմանը։ Մինչ համաժողովը ընկերություններն անցել էին չորսամսյա աքսելերացիա Catalyst հիմնադրամի եւ ImpactHub Yerevan-ի աջակցությամբ։