Պատանի արմաթցիները կմասնակցեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25-07-2018 15:58:38 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում:
Արծվաբերդից Վահագն Զարգարյանը, Սիսիանից Լիլիթ Խաչիկյանը, Գորիսից Նոնա Թելունցը և Սիսիանից թիմի ղեկավար մասնակից Արմեն Յենոքյանը գրեթե մեկ ամսում պատրաստել են վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ իրականացնող ռոբոտը և այժմ ինչպես մարզիկները, գտնվում են ակտիվ մարզումների փուլում:
Ինչպես հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «First Global»-ը նախորդ տարի էլ է անցկացվել, որին Հայաստանից մասնակցել է «Թումո»-ի թիմը՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, իսկ այս տարի մրցույթին գործուղում են բացարձակապես «Արմաթ» լաբորատորիայի թիմին:
Նրա խոսքերով՝ ԱՏՁՄ-ում ստեղծված է համապատասխան մրցութային դաշտը, որի պայմաններում «Արմաթ»-ի թիմը դեռ 20 օր ժամանակ ունի պարապելու և մրցույթի օրը խնդիրը հնարավորինս անթերի կատարելու համար:
Անդրադառնալով միջազգային մրցույթներին՝ Կ. Վարդանյանը նկատեց, որ ի տարբերություն միջազգային նմանատիպ մրցույթների՝ հայաստանյան մրցույթներն ավելի բարդ են:
«Հայաստանյան մրցույթները հիմնականում ավտոնոմ ռոբոտների մասնակցությամբ են անցկացվում, երբ ռոբոտն ինքնուրույն է կատարում առաջադրանքը»,- մանրամասնեց նա:
Ինչպես միշտ, այս նախաձեռնությունում ևս ԱՏՁՄ-ն միայնակ չէ. Վերջինիս իրենց աջակցությունն են ցուցաբերում գործընկերներ՝ «Ucom»-ը և «Ամերիաբանկ»-ը:
«Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանի գնահատմամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանում ինժեներական կրթությունը խթանելու տեսանկյունից այսօր տվել են իրենց դրական արդյունքը:
«Երեխանե՛ր, այստեղ միայն կարևոր չէ այն փաստը, որ դուք ինչ-որ բան եք ստեղծել, այլ կարևոր է նաև այն, որ դուք Հայաստանում արդիական լուծում եք տվել, որն իր տեղն ունի և մեր կողմից բարձր գնահատականի է արժանի: Վստահ եղեք, որ դուք կարող եք ներկայացնել ոչ միայն «Արմաթ»-ը, այլև մեր երկրում ինժեներական կրթությունը»,- դիմելով ասուլիսին ներկա մրցույթի մասնակիցներին՝ ընդգծեց Հ. Եսայանը:
Իր հերթին «Ամերիաբանկ»-ի ՏՏ և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշեց, որ կարևորում են տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը, ուստի սիրով են միացել նախագծին:
Բանախոսների համոզմամբ՝ նմանատիպ միջազգային մրցույթներին արմաթցիների մասնակցությունը կարևոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու տեսանկյունից: Այն խրախուսում է պատանիներին և առաջ մղում գիտությամբ զբաղվելու և նորարարություններ ստեղծելու համար:
Նշենք, որ այս տարի «First Global»-ում գնահատելու են վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ կատարող ռոբոտների աշխատանքը: Մասնավորապես, մրցութային դաշտում կլինեն հողմային և ջրային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ: Թիմի անդամների կառավարմամբ՝ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից մյուսը փոխանցի, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում էլ էկրանի վրա կցուցադրվի պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը:
Բացի դրանից առկա կլինի պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում: