ՀՔԾ-ն պետք է վերանվանել պաշտոնատար անձանց փաստաբանների պալատ. Ինչո՞ւ են զայրացել իրավապաշտպանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՔԾ-ն պետք է վերանվանել պաշտոնատար անձանց փաստաբանների պալատ. Ինչո՞ւ են զայրացել իրավապաշտպանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-07-2018 18:02:36   | Հայաստան  |  Իրավունք



 
«Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պետք է վերանվանել պաշտոնատար անձանց փաստաբանների պալատ »,- նշում է «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմուքնի ենթարկված Հասմիկ Սարգսյանի կարճված գործին: 
 
Տեղեկացնենք, որ 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:
 
Մ. Պողոսյանի խոսքերով՝ ի սկզբանե հետևել է գործի քննությանը, նաև ներկա է եղել տուժողի, քննիչի և հետաքննիչի հետ Հասմիկ Սարգսյանի առերեսմանը, և պարզապես  նողկալի է համարում իրավապահների պահվածքը: 
 
«Երբ որ Հասմիկ Սարգսյանը մանրամասն պատմում էր այդ խոշտանգման պահերը, թե ոնց են քանոնը դրել, ոնց են երեխայի ներկայությամբ սպառնացել, ու ոստիկանն այնտեղ նստած, ծամոնը ճտացնելով ասում է «ըտենց բան չի եղել»: Այնքան կոպիտ էր խոսում քննիչի և մեր ներկայությամբ, որ եթե մենք չլինեինք, երևի Հասմիկին ուղղակի կծվատեին»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ նույն վերաբերմունքը դրսևորվել է նաև վերաքննիչ դատարանում: 
 
Խոսելով Հասմիկ Սարգսյանի կողմից գողացված գումարի չափին՝ Մ. Պողոսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ երեք անչափահաս երեխաների մայրը ոչ թե 10000 դրամ է գողացել, այլ ընդամենը 4000 դրամ, սակայն քանի որ 4000 դրամի դեպքում հնարավոր չէր լինի քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության պատճառով, ուստիՀ. Սարգսյանին խոշտանգելով և սպառնալով՝ ստիպել են ցուցմունքում նշել, որ 10000 դրամ է գողացել: 
 
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ընդգծեց, որ քրեական գործը հարուցվել է սխալ հոդվածով: 
 
Նրա պնդմամբ՝ ՀՔԾ-ն ձևական քննություն է իրականացրել, որի արդյունքում կարճման որոշում է կայացվել:
«Ինչպես միշտ, ոստիկանների և քննիչների ցուցմունքներին ավելի բարձր արժեք է տվել, քան տուժողի ցուցմունքին, չի կատարվել մի շարք դատավարական գործողություններ, որոնց արդյունքում կհիմնավորվեր տուժողին խոշտանգելու և վատ վերաբերմունքի արժանացնելու փաստը»,- նշեց Ա. Ղարագյոզյանը: 
 
Վերջինիս գնահատմամբ՝ չնայած երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, ՀՔԾ-ում և Գլխավոր դատախազությունում շարունակում են կոծկել այն քրեական գործերը, որոնցում ներգրավված անձիք ենթարկվում են դաժան վերաբերմունքի, խոշտանգումների: 
 
Բանախոսների փոխանցմամբ՝ Հասմիկ Սարգսյանի գործով արդարությունը վերականգնելու համար դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play