SOS, SOS, SOS. հետևանքներն աղետալի են լինելու ոչ միայն Սևանա լճի, այլև բոլորիս համար


SOS, SOS, SOS. հետևանքներն աղետալի են լինելու ոչ միայն Սևանա լճի, այլև բոլորիս համար

  • 02-08-2018 23:53:28   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Սևանա լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց, լճում կուտակվում են օրգանական նյութեր, լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը, Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ, ինչը կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա: Այս և այլ վտանգների մասին է զգուշացված «S.O.S Սևան» նախաձեռնության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հղված բաց նամակում: Դրանում մասնավորապես նշված է.
«Հարգարժան պարոն վարչապետ,
«S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի:
 
Հիմնավորում.
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սևանա լճից բացի 170 միլիոն խմ-ն հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները, կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը` սահմանելով 40 միլիոն խմ:
Մենք` «S.O.S Սևան» նախաձեռնության անդամներս, կտրականապես դեմ ենք Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն, քանի որ. 
1. Ներկայումս Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:
2. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:
3. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:
4. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու: 
5. Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը և ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:
6. Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «...Սևանա լճի հետ կապված ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, դրանք են. 
1) ռեսուրսի սահմանափակ լինելը,
2) ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,
3) էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:
... ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սևան-Հրազդան ոռոգման համակարգի ջրի պահանջներն ապահովել ոչ թե Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելով, այլ Հրազդան գետի ջրավազանի ջրային ռեսուրսների և Սևանա լճից սահմանված 170 միլիոն մ3 ջրբացթողումների տնտեսվար օգտագործման միջոցով:... Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սևանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի»,- մասնավորապես նշված է ՀՀ բնապահպանության նախարարության կարծիքում, որը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության տրամադրման համար:
 
Առաջարկություններ.
«S.O.S Սևան»նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկում է. 
• մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
• հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները
• Սևան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ ոռոգման դեֆիցիտի լրացման համար և կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման
• օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ
• օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար
• կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը
• վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը:
 
«S.O.S Սևան» նախաձեռնություն`
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
Ամալյա Համբարձումյան` «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ՀԿ
Սիլվա Ադամյան` Էկոլոգիական հասարակական դաշինք 
Սաթիկ Բադեյան՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Ելենա Մանվելյան` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Անահիտ Գևորգյան` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Նազելի Վարդանյան`«Հայաստանի անտառներ» ՀԿ
Լիանա Ասոյան` «Բլեջան» ՀԿ
Էդվարդ Արզումանյան` անկախ էներգետիկ փորձագետ
Ռոզա Ջուլհակյան` փորձագետ 
Մարտին Բադեյան՝ փորձագետ»:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play