Սևանա լճի բազմաթիվ հատվածներում լողալն իսկապես վտանգավոր է (տեսանյութեր)


Սևանա լճի բազմաթիվ հատվածներում լողալն իսկապես վտանգավոր է (տեսանյութեր)

  • 10-08-2018 21:12:37   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Ոմանք շանտաժով ու կեղծիքով փորձում են իրենց ճղճիմ շահերն առաջ տանել:
Սևանի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ և վարձակալներ օգոստոսի 7-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ , բողոքի ակցիա են իրականացրել Սևան-Երևան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին: 
Թերևս ավելորդ է ասել, որ իրենց անհիմն պահանջները չլսելու (չկատարելու) դեպքում մայրուղին փակելու սպառնալիքը Սևանա լճի էկոլոգիական գերակա շահի համեմատ իրենց ճղճիմ շահերն առաջ տանելու նպատակ ունեցող լկտի շանտաժ է, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից մեկի` ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարման սպառնալիք, որը եթե ոչ խուլիգանական, այլ իրավական պետություն ենք (ինչը, ի դեպ, նույնպես ՀՀ Սահմանադրությամբ է հռչակված), կառավարության, իրավապահ համապատասխան մարմինների կոշտ արձագանքին պետք է արժանանար: Բայց… «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Թե նա ի՞նչ է ասել բողոքավորներին, կանդրադառնանք քիչ հետո:
«Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը և նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Սևանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար»,- իրենց պահանջը ներկայացնելով, ասել են Սևանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողներից և վարձակալներից ոմանք, ապա ինչ-որ «հեքիաթ» պատմելուց հետո հավելել.
«Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սևանի ափին կտրուկ նվազել է հովեկների և զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը` պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվության հետևանքով»:
Իրականում շինծու է հիշյալ բողոքավորների պահվածքը և հենց նրանք են ապատեղեկատվության (իբր Սևանի ջուրն անվտանգ է մարդկանց առողջության համար) հեղինակները, ընդ որում, վտանգավոր ապատեղեկատվության: Իրականությունը նաև այն է, որ Սևանա լիճն ազոտով ոչ թե թունավորված, այլ քիմիապես աղտոտված է, աղտոտված է նաև ֆոսֆորով և այլ տարրերով, օրգանական նյութերով, բարձր է լճի էվտրոֆացման ինդեքսը, ինչի ակնառու վկայություններից է կապտականաչ ջրիմուռների բուռն ծաղկումը: Իսկ թե ինչո՞վ է թունավորված, կներկայացնենք ստորև:
Ըստ  «Արմենպրես»-ի, «Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում»:
Ի՞նչ է նշանակում, թե «արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության» հետ կապված հարցերում: Ո՞վ է պետական պաշտոնյաներին, մասնավորապես` Իշխան Սաղաթելյանին և «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին թույլ տվել բնակչության առողջության, անվտանգության հետ կապված հարցերում հանդես գալ անհիմն ու վտանգավոր ապատեղեկատվությամբ (ինչին առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք), ավելին` բացահայտ կեղծիքով, որի համար նրանք ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի («Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը») կամ 282-րդ հոդվածի («Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը») համաձայն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Առաջիկայում կպարզենք, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ է ձեոնարկել այս կապակցությամբ` այն բանից հետո, երբ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում ս. թ. օգոստոսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում անձամբ տողերիս հեղինակի կողմից պատկան իրավապահ մարմինների առջև հրապարակայնորեն բարձրացվեց «Սևան» ազգային պարկի տնօրենին պատասխանատվության կանչելու հարցը:
Ո՞վ է ս. թ. հունիսի 1-ից Գեղարքունիքի մարզպետ նշանակված Իշխան Սաղաթելյանին իրավունք տվել մասնագետների, գիտնականների, բնապահպանների և լրագրողների ահազանգը, ներկայացրած փաստերը, առկա վտանգների մասին զգուշացումը հրապարակայնորեն որակել անհիմն տեղեկություններ, ներկայացնել իբրև այդպիսին, հանրության գլխի տակ, ինչպես ասում են, փափուկ բարձ դնել, թեկուզ միայն իր այս վարքով, հայտարարությամբ խայտառակել իրեն այդ պաշտոնին նշանակած ՀՀ կառավարությանը, քանզի, բնականաբար, հարց է առաջանում նա և իր նմաննե՞րն են նոր Հայաստանի պաշտոնյաները…
«Մենք ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն»,- ըստ «Արմենպրես»-ի հրապարակման, ասել է Գեղարքունիքի մարզպետը:
Ինչ վերաբերվում է ՀՀ առողջապահության նախարարին, ապա հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն օրերս անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, հանդես է եկել Սևանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին հրապարակային հորդորով, որով հստակ ընդգծվել է` զերծ մնալ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերում լողալուց: Առողջապահության նախարարությունը դրանով իսկ հաստատել է այնտեղ լողալու վտանգավորությունը, ինչի մասին ավելի վաղ զգուշացրել էին բնապահպաններն ու մասնագետները:
ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, «Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ»։
Ավելին` առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով, առողջապահության նախարարությունը հորդորել է`
«1. չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում 
2. արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում
3. վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի»:
Հիմա Գեղարքունիքի մարզպետի հայտարարությունից ի՞նչ է ստացվում` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղի տալով իրենց նեղ շահերը հետապնդող բողոքավորների ճնշմանը, փորձում կամ փորձելու է ե՞տ կանգնել իր վերոնշյալ հայտարարությունից…
Անդրադառնանք նաև Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներին և վարձակալներին, ավելի ճիշտ, նրանցից ոմանց տրված իրավունքների ու նրանց գործունեության կասկածելի լինելուն: Վաղուց, շա՜տ վաղուց ժամանակն է վերջինների գործունեության օրինականության խնդրի ուսումնասիրությամբ զբաղվելու: Նրսնց այնտեղ տնտեսական գործունեություն ծավալելու իրավունք են տվել, վարձակալական խիստ կասկածելի պայմանագրեր կնքել նախկին` մինչև ողնուծուծը կոռումպացված Հայաստանի պաշտոնյաները: ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը և անձամբ հիշյալ ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կոչ ենք անում զբաղվել նրանց բոլորի տնտեսական գործունեության, նրանց հետ կնքված վարձակալական և այլ պայմանագրերի ուսումնասիրությամբ:
Ըստ «Հայկական հանրագիտարանի», սինթետիկ լվացամիջոցները նույնպես պատկանում են այն աղտոտիչների թվին, որոնք «վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր»: Ո՞վ է հիշյալ տնտեսվարողներին կամ նրանցից ոմանց իրավունք տվել իրենց հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների և սննդի այլ օբյեկտների կոյուղաջրերն ու կեղտաջրերը, ներառյալ` քիմիական լվացամիջոցներ պարունակող ջրերը լցնել Սևանա լիճ և այդպիսով էլ ավելի վատացնել Սևանա լճի առանց այն էլ վատ ու փխրուն էկոլոգիական իրավիճակը: Ու հիմա դրա համար դեռ պատասխան տալու փոխարեն, նրանցից ոմանք դեռ բողոքո՞ւմ են…
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, ռեստորաններից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանինն է, ու վերոնշյալ բողոքի ակցիայի ետևում հենց նա է կանգնած: Մարզպետին առաջարկում ենք հանդես գալ հրապարակային հերքմամբ կամ հաստատմամբ` նկատի ունենալով դրանից հետո սպասվող լրագրողական հետաքննությունը…
Սևանա լճի իրական ու տագնապալի էկոլոգիական իրավիճակին կարող եք ծանոթանալ մեր նախորդ` «Չգնեք Սևանա լճի սիգն ու կարասը, դրանք կարող են թունավորված լինել (տեսանյութ և ֆոտոշարք)», «Սևանա լիճն օրեցօր թունավորվում է ու դառնում վտանգավոր (տեսանյութ)», «SOS, SOS, SOS. հետևանքներն աղետալի են լինելու ոչ միայն Սևանա լճի, այլև բոլորիս համար», «Սևանա լճում այս տարի կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ է եղել, դրանց մի մասը թունավոր է, սկսվել են հետազոտություններ (տեսանյութեր)», ինչպես նաև առաջիկա հրապարակումներից:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք