Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ժամկետների և որակի ուղղությամբ


Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ժամկետների և որակի ուղղությամբ

  • 13-08-2018 18:33:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված նախադպրոցական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների շենքերի,   բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները։ Աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում և որակով ավարտելու ուղղությամբ։ Կամո Արեյանը հանձնարարել է նաև շինբարեկարգման ծրագրերի շրջանակում խստագույն հսկողություն սահմանել տեխնիկական հսկիչների գործունեության նկատմամբ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հենց նրանք են պատասխանատու վերջնական և որակյալ աշխատանքի համար: Այս համատեքստում հանձնարարվել է լրջագույն հսկողություն սահմանել ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարողականները ստորագրել միայն կատարված  աշխատանքները տեղում լիարժեք ուսումնասիրելուց հետո և որակի վերաբերյալ համապատասխան եզրակացության առկայության դեպքում:
 
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: «Սանիթեք» ընկերության աշխատանքի արդյունքները հերթական անգամ գնահատելով անբավարար և մտահոգիչ՝ Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել դրանք և բոլոր ռեսուրսները կենտրոնացնել պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը ենթադրում է ոչ միայն կուտակված աղբի տեղափոխում, այլև աղբամանների և աղբամուղերի ախտահանում:
 
 
 
Կամո Արեյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուժեղացնել ամենօրյա հսկողությունը աջակցության տարածքային բաժինների աշխատանքների նկատմամբ, օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել ընտանեկան նպաստների  նշանակման  հասցեականությունը՝  իսպառ բացառելով կոռուպցիոն ռիսկերն ու քաղաքացիների հետ անօրինական պայմանավորվածությունների հնարավորությունը: Սոցիալական աջակցության բաժինների պետերն անձնապես կրելու են յուրաքանչյուր գործի վարման օրինականության ողջ պատասխանատվությունը:
 
Կամո Արեյանի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելներն ու մարզագույքը՝ դրանց անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում կատարելով նաև դրանց ամրացման աշխատանքներ:
 
Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական աշխատատնքների ընթացքին, «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանին,  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանին՝ հանձնարարվել է համատեղ ուսումնասիրել և ավարտել Աշտարակի խճուղու նոր ճանապարհահատվածի հենասյուների և մալուխային ցանցի վերատեղադրումը: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև իրավաբանական վարչություններին էլ հանձնարարվել է վերոնշյալ տարածքում իրականացնել գովազդային վահանակների տեղափոխման, անհրաժեշտության դեպքում  ապամոնտաժման   աշխատանքներ:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play