Քոչարյանի քայլը.Այն, ինչ չկարողացավ Սերժ Սարգսյանը, արեց Նիկոլ Փաշինյանը


Քոչարյանի քայլը.Այն, ինչ չկարողացավ Սերժ Սարգսյանը, արեց Նիկոլ Փաշինյանը

  • 13-08-2018 18:50:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը, նրան ազատելով կալանքից: Դա մի կողմից Ռոբերտ Քոչարյանի հաղթանակն է թվում, մյուս կողմից պարզվեց, որ նա այդքան էլ քաղաքական հետապնդման զոհ չէ, եւ Հայաստանում կա անկախ դատարանը, որը կարող է կայացնել այդպիսի որոշում:
 
Թեեւ, այդ մասով իհարկե առկա է հարց՝ Հայաստանում մասնագիտորեն հմուտ ՀՔԾ՞ չկա, որը կարող էր Քոչարյանի գործում ներկայացնել այնպիսի հիմնավորումներ, որոնք կհամոզեին ցանկացած դատարանի, թե՞ արդարադատություն չկա, որն անտեսել է փաստերն ու նրան ազատել կալանքից:
 
Բայց, ամեն ինչ թերեւս այդքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ստեղծում է բավական հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ: Գործնականում այն, ինչ չստացվեց Սերժ Սարգսյանի մոտ տասը տարի՝ Քոչարյանի քաղաքական գործոնը հանել ստվերից եւ բերել հրապարակային դաշտ, ստացվեց Նիկոլ Փաշինյանի մոտ: Իրականում Վերաքննիչ դատարանը, Ռոբերտ Քոչարյանին փաստորեն ազատելով կալանքից, «դատապարտել» է հրապարակային քաղաքականությամբ զբաղվելու:
 
Մի բան, որից երկրորդ նախագահը համառորեն խուսափեց նախորդ տասնամյակում, ամեն գնով պահելով իր քաղաքական ազդեցությունը, բայց այլ ուժերի թիկունքում, եւ այդպես էլ դուրս չգալով բաց ու հրապարակային պայքարի: Քոչարյանի այդ մարտավարությունն անկասկած պայմանավորված էր գիտակցումով, որ քաղաքական «բաց դաշտում» նա մրցունակ չէ, եւ պարտությունը լինելու էր անխուսափելի:
 
Այժմ սակայն Քոչարյանի համար անխուսափելի է «բաց դաշտ» դուրս գալը, նա այլ ելք չունի, եւ այդ իմաստով առաջին հայացքից թվացյալ հաղթանակը իրականում ստացվում է հարաբերական, որովհետեւ խորքային իմաստով էլ այն Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է նրա նկատմամբ:
 
Իսկ բանն այն է, որ ապրիլի 23-ից հետո Փաշինյանի հակառակորդը գործնականում արդեն Ռոբերտ Քոչարյանն էր, որը փորձեց ձեռքը վերցնել հանձնվող իշխանության ղեկը կամ «ճամպրուկը», որպեսզի թույլ չտա այն փոխանցել ուրիշին: Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանը որպես «աներեւույթ պայքարի մարտիկ» Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից «փոխանցվեց» Փաշինյանի իշխանությանը:
 
Այդ տեսանկյունից հատկանշական էր Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցն ու հայտարարությունն այն մասին, թե իր հանդեպ Մարտի 1-ի գործով մեղադրանքն ու կալանքի որոշումը պայմանավորված էին գուցե իր ակտիվ քաղաքական գործունեության հանդեպ մտահոգությամբ: Հետաքրքիր է, որ Քոչարյանը չէր խոսում հրապարակային գործունեության մասին, որովհետեւ ակտիվն ու հրապարակայինը բոլորովին այլ են, իսկ հաստատող հարցին նա այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
 
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ստվերային պայքարի դաշտից դուրս բերեց հրապարակային դաշտ: Միեւնույն ժամանակ, դրանով Փաշինյանը հաջորդ քայլի անհրաժեշտության առաջ է դրել ոչ միայն, իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան Քոչարյանին, որքան մնացյալ քաղաքական դաշտին՝ ընդ որում թե Քոչարյանի պաշտպանության դիրքերից հանդես եկողներին, թե չեզոքներին, թե նաեւ նրա դեմ արմատական դիրքավորվածներին, որոնք փորձում էին միավոր հավաքել նրա վրա:
 
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը դրվել է փաստորեն նրանց բոլորի եւ թավշյա հեղափոխության միջեւ: Ընդ որում, այդ առումով իրավիճակը մյուսների հանդեպ շահեկան է նաեւ Քոչարյանի համար: Թավշյա հեղափոխության դեմ բաց դաշտում նա չունի որեւէ շանս, բայց մյուս կողմից նրա շանսերը բավական մեծ են մյուս ուժերի հետ հարաբերությունների պարզման գործընթացում, որովհետեւ եթե թավշյա հեղափոխության հանդեպ քայյլերում նա ունի կորցնելու բան՝ ազատությունը, ապա մյուս ուժերի հետ հարաբերություններում Քոչարյանը կորցնելու որեւէ բան չունի:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն