Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել․ՍԱՊԾ


Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել․ՍԱՊԾ

  • 14-08-2018 11:51:21   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ ներմուծման մասին լուրերը:  
 
«Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:
 
Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
 
Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):
 
Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում:
 
Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է:
 
ԶԼՄ հրապարակումներում չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ներմուծված ձմերուկն ադրբեջանական ծագում ունի: Ուստի հորդորում ենք չտարածել չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ հանրության շրջանում արհեստական անհանգստություն չստեղծելու նպատակով:
 
Հիշեցնենք, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերակսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության:
 
Եվս մեկ անգամ դիմում ենք բոլոր քաղաքացիներին՝ կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում ահազանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով»:
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play