Քոչարյանի ասուլիսի տապալումը իշխանության ճարահատյալ ու կոպիտ փորձն էր խոչընդոտելու վերջինիս՝ հանրության հետ շփվելու հնարավորությունը․ Քոչարյանի գրասենյակ


Քոչարյանի ասուլիսի տապալումը իշխանության ճարահատյալ ու կոպիտ փորձն էր խոչընդոտելու վերջինիս՝ հանրության հետ շփվելու հնարավորությունը․ Քոչարյանի գրասենյակ

  • 14-08-2018 15:23:13   | Հայաստան  |  Քաղաքական

«Հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»: Այս մասին ասված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նախապես հայտարարված ասուլիսը տապալվեց։  «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով ասուլիսի վայր էին եկել «Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցներ։
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:
 
Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում: Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերրի վերաբերյալ:
 
Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»:
 
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play