Փոստային լրտեսությունից պաշտպանվելու խորհուրդներ


Փոստային լրտեսությունից պաշտպանվելու խորհուրդներ

  • 15-08-2018 11:54:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ էլեկտրոնային փոստը սպամ և գովազդ տարածողներին ընձեռում է դրա օգտատերերին հետևելու հնարավորություն. նրանք կարողանում են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որ գովազդային նամակներն են հետաքրքրում օգտատիրոջը, և որոնք է նա ուղարկում աղբարկղ՝ առանց կարդալու։
 
Եթե էլեկտրոնային փոստի  գոյության սկզբում ուղարկվում էին պարզ տեքստեր, ապա այժմ առկա է տարբեր տառատեսակների, ոճերի և ներդրված պատկերների կիրառումով  գունեղ նամակների ստեղծման հնարավորություն։ Ներկայում էլեկտրոնային նամակներն իրենց հնարավորություններով մոտ են սովորական համացանցային կայքերին, և դա ուղարկողներին տալիս է հնարավորություն դրանց մեջ ներկառուցել այնպիսի տարրեր, որոնք թույլ են տալիս հետևել, թե ինչ է անում օգտատերն իր փոստարկղում։   
 
Փրինստոնի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ հազար գովազդային առաքումներ, որպեսզի իմանան, թե դրանք հասցեատերերին հետևելու ինչ հնարավորություններ են պարունակում։ Ինչպես պարզվել է, նրանց ստացած նամակների 70%-ը պարունակել է գովազդային տրեկերներ. դրանք անտեսանելի նկարների նման ավտոմատ ներբեռնվող տարրեր են, որոնք ուղարկողին ոչ միայն տեղեկացնում են, թե երբ և քանի անգամ է օգտատերը բացել նամակը, այլև հարցման տողում հաղորդում են անձնական տվյալներ, օրինակ, e-mail-ը։ Բացի այդ, հարցումը տրեկինգային դոմենին տեղեկացնում է օգտատիրոջ IP-հասցեի մասին, որով կարելի է մոտավորապես որոշել նրա տեղադիրքը։
 
Մի կողմից՝ նման տեխնոլոգիաներն առաքումներ ստեղծողներին թույլ են տալիս դրանք ավելի արդյունավետ դարձնել, օրինակ, այսպես կոչված A/B-թեստերի օգնությամբ որոշել, թե ինչ թեմայով (ասենք՝ էմոձիներով կամ առանց դրանց) նամակների վրա են մարդիկ սեղմում։ Մյուս կողմից՝ գովազդային տրեկերները կարող են բրաուզերում (դիտարկիչ) պահպանել cookie-ֆայլերը, որպեսզի հետագայում օգտատիրոջը «ճանաչեն» նույնիսկ առաքման թեմայի հետ չկապված այլ կայքերում։ Տրեկերի տերը հանդիսացող գովազդային ցանցը այդպես ստանում է օգտատիրոջ հետաքրքրությունների մասին ավելի շատ տեղեկատվություն, որը կարող է հետագայում վաճառել գովազդատուներին։ Օրինակ՝ եթե օգտատերը բացել է մարզակոշիկների զեղչերի մասին նամակը, ապա շուտով դրանց մասին գովազդը նրան կարող է հետապնդել ամբողջ համացանցով։
 
Gmail-ի կամ Yandex-ի փոստային վեբ-ծրագրերը և որոշ այլ պրովայդերներ իրենք են օգտատիրոջ համար ներբեռնում բոլոր նկարները նամակից, իսկ հետո փոխանցում իրեն։ Այդ դեպքում գովազդային ցանցերը չեն կարող ոչ օգտատիրոջ բրաուզերում պահպանել cookie-ֆայլը, ոչ էլ նույնիսկ իմանալ՝ կարդացել է օգտատերը նամակը, թե ոչ։ Բացի այդ, օգտատերերին կարող են օգնել վեբ-տրեկերների արգելափակման միջոցները, որոնք լավ գլուխ են հանում նաև փոստի լրտեսումից, իսկ IP-հասցեն կարելի է թաքցնել VPN-ի օգնությամբ։
 
Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը տրամադրել է մի քանի խորհուրդ, որոնք օգտատերերին կօգնեն պաշտպանվել էլեկտրոնային փոստարկղի լրտեսումից. 
·         Փոստային ծրագրում անջատել պատկերների ավտոմատ ներբեռնումը և ներբեռնել միայն վստահելի հասցեներից եկած պատկերները։
·         Եթե առանց նկարների նամակները ձանձրալի են թվում, օգտագործել լրտեսումն արգելափակող միջոց, օրինակ, Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքումից» գործառույթը։
·         Օգտագործել VPN, օրինակ, Kaspersky Secure Connection, որը կօգնի գովազդատուներից թաքցնել օգտատիրոջ իրական IP-ն։
 
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
Հարցերի համար դիմել +374 10 58 26 20 հեռախոսահամարով
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն