ԱՄՆ-ում օրինազանց դատավորի պատճառով ցրել են ամբողջ դատարանը

15-08-2018 12:53:03   | ԱՄՆ  |  Մամուլի տեսություն
amerikayidzayn.Արեւմտյան Վիրջինիայի Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեն Լագրիի մեղադրանքը կործանիչ դարձավ նահանգի ամբողջ վերաքննիչ դատարանի համար: Պետական միջոցներ վատնելու համար Լագրիի դեմ հարուցված քրեական գործով բացահայտվել է, որ նա 363,000 դոլար է ծախսել աշխատասենյակի վերանորոգման համար, այնուհետեւ դատավորը պետական միջոցներից աշխատասենյակի համար 42,000 դոլարով գնել է անտիկ գրասեղան եւ 32,000 դոլարով՝ բազմոց, որոնq սակայն նա տուն է տարել: Ավելին, դատավորն աշխատանքային ավտոմեքենան օգտագործել է սեփական միջոցների համար:
 


«Ի դեմս դատավոր Լագրիի, դատարանը կորցրեց հասարակության վստահությունը եւ այժմ ենթակա է ցրվելու», - նշում է Արեւմտյան Վիրջինիայի խորհրդարանի պատգամավոր Էնդրյու Ռոբինսոնը:
 
Հատկանշական է, որ Ալեն Լագրիի դեմ բացված քրեական գործի արդյունքում խախտումներ են բացահայտվել նաեւ նահանգի վերաքննիչ մյուս դատավորների մասով: Այսպես, պարզվեց, որ նույն դատարանի դատավոր Ռոբին Դեյվիսն իր աշխատասենյակի վերանորոգման համար պետական միջոցներից ծախսել է կես միլիոն, դատավոր Բեթ Ուոլքերը՝ 131 հազար , իսկ դատավոր Մարգարեթ Ուորքմանը՝ 111 հազար դոլար:
 
«Այս դատարանի որոշ դատավորներ նույնիսկ չեն խախտել օրենքը, սակայն, խաթարել են մարդկանց վստահությունը», - նշում է նահանգային պատգամավոր Դենիել Լինվիլը:
 
Երեքշաբթի Արեւմտյան Վիրջինիայի տեղական պատգամավորները որոշել են ցրել նահանգային Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ՝ հասարակության վստահության կորստի պատճառով: Դատարանի դատավորների դեմ գործեր են հարուցված ընդհանուր առմամբ 23 դրվագներով:
 
«Անշուշտ, տեղի ունեցածը ողբերգություն է, սակայն, կարծում եմ, որտեղ կա ողբերգության գիտակցում, այնտեղ կարող է լինել հաղթանակ», - նշում է Էնդրյու Ռոբինսոնը:
 
Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջիմ Ջասթիսը ժամանակավոր դատավորներ կնշանակի, որոնց կփոխարինեն նոյեմբերին նշանակված ընտրություններում հաղթող դատավորները:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 558 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար