Հարված Նախիջեւանում. Ինչի շուրջ Ալիեւը չի կարողանում պայմանավորվել Հայաստանի նոր կառավարության հետ


Հարված Նախիջեւանում. Ինչի շուրջ Ալիեւը չի կարողանում պայմանավորվել Հայաստանի նոր կառավարության հետ

  • 15-08-2018 13:35:29   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս նախիջեւանյան թեմայով: «ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են», ասել է Նաղդալյանը:
 
Վերջին ամիսներին Հայաստանը կոշտ արձագանքում է պաշտպանական դիրքերը Հայաստանին մոտեցնելու ադրբեջանական կողմի փորձերին: Տարիներ շարունակ այդ դիրքերը Նախիջեւանի խորքում էին, իսկ սահմանային գոտին հիմնականում չեզոք էր: Բայց վերջին ժամանակներում ադրբեջանական ուժերը որոշել են առաջ տանել դիրքերը եւ ընդհուպ մոտենալ Հայաստանի սահմանին: Ավելին, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դիրքերի տեղաշարժը ներկայացրել էր որպես փառահեղ ռազմական հաղթանակ:
 
Ինչու՞ է Ադրբեջանը հենց հիմա որոշել տեղաշարժել դիրքերը սահմանին մոտ եւ հայկական տարածքների վրա վերահսկողություն ստանալ: Հայաստանի նախորդ իշխանությունների հետ պայմանավորվածություններ եղե՞լ են չեզոք գոտու լայնության մասին, եւ Ադրբեջանի ղեկավարությունը փորձու՞մ է շոշափել Հայաստանի նոր կառավարության «թույլ տեղերը»:
 
Հայաստանի ԱԳՆ կոշտ պատասխանը, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը վկայում են, որ Երեւանը մտադիր չէ բացել «աքիլեսյան գարշապարը»: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ի պատասխան նախիջեւանյան ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների՝ հայկական ուժերը կրակ են բացել: Նա ասել է, որ չի բացառում ադրբեջանական կողմի կորուստները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նախիջեւանյան ուղղությամբ մեկ վիրավորի մասին:
 
Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է «զոնդաժի ենթարկել» Հայաստանի նոր կառավարությանը, վկայում է նաեւ ԱՊԱ գործակալության շուրջ տարօրինակ վիճակը: Լրատվամիջոցները գրում են, որ հայտնի ադրբեջանական գործակալություններից մեկը մի քանի շաբաթ առաջ հատվածներ է հրապարակել Իլհամ Ալիեւի խոսքից՝ վերնագրելով «Մենք ծնկի կբերենք Հայաստանը»: Ինչպես պարզվել է, Ալիեւն այդպիսի բառեր չի ասել, ավելին, ԱՊԱ-ն դրանից հետո փակվել է: Ադրբեջանում ասում են, որ Ալիեւը չէր կարող այդպիսի բառեր ասել, քանի որ կստացվեր, որ առճակատման մեջ է մտնում Հայաստանի նոր իշխանության հետ: Իրականում նա հույս ունի երկխոսություն սկսել, որը չէր ստացվում «ղարաբաղյան կլանի» հետ:
 
Նոր կառավարության պատասխանը Նախիջեւանում կարող է վկայել, որ Ալիեւին չի հաջողվել Հայաստանի նոր կառավարության հետ պայմանավորվել այն մասին, ինչի շուրջ չէր կարողացել պայմանավորվել «ղարաբաղյան կլանի» հետ: Ավելին, Ալիեւը ստիպված է լինելու պահպանել ստվերային պայմանավորվարծությունները Հայաստանի նախորդ իշխանությունների հետ: Հակառակ դեպքում հայկական կողմը «կանխելու է վերադիրքավորման բոլոր փորձերը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն