Սերժ Սարգսյանի վրեժը Քոչարյանից


Սերժ Սարգսյանի վրեժը Քոչարյանից

  • 15-08-2018 14:17:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր իրադրության առաջ է: Արդեն հստակ է, որ նա մտադիր է զբաղվել աշխույժ քաղաքականությամբ եւ դրա մասին էր վկայում տապալված մամուլի ասուլիսից հետո նրա գրասենյակի հայտարարությունը: Սկզբունքորեն անելու այլ բան երկրորդ նախագահին չի մնում, թեեւ տապալված ասուլիսի տեսքով նա արձանագրեց, թե որքան բարդ է լինելու Հայաստանում նրա հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը, եթե իհարկե այդ հանգամանքի դեմ հանրության տարբեր շրջանակների զգայական եւ իռացիոնալ մոտեցումները չդյուրացնեն Քոչարյանի այդ զբաղմունքը:
 
Բանն այն է, որ իբրեւ քաղաքական ենթատեքստով պրոցես տեղի ունեցողը շարունակվելու է բավական երկար, այդ իմաստով այն հիշեցնելու է քաղաքական մարաթոն, եւ ըստ այդմ դրա տարբեր կողմերը պետք է իրենց ուժերը, ռեսուրսներն ու ռազմավարությունը պլանավորեն երկար դիստանցիայի համար: Ակնառու է, որ Քոչարյանը անելու է այդպես, որովհետեւ մոտ կամ միջնաժամկետ առումով նա բավական բարդ վիճակում է եւ ձգտելու է շահել ժամանակ, որը չափվելու է իհարկե ոչ թե ամիսներով, այլ տարիներով:
 
Անկասկած երկարատեւ ռազմավարությունը նրա համար ամենեւին հաջողության երաշխիք չէ, առավել եւս երաշխիք չէ պատասխանատվությունից խուսափելու հարցում, բայց հենց այդ հանգամանքը լինելու է երկարատեւ ռազմավարության նվազագույն խնդիրը:
 
Առայժմ սակայն Ռոբերտ Քոչարյանը բավականին բարդ վիճակում է, որովհետեւ տարիներին հասնելու համար նա պետք է ամիսները անցնի: Իսկ այստեղ միայն առաջին հայացքից է ամեն ինչ դյուրանում փողով եւ ձեռքբերովի մեդիա-փորձագիտական, տեղեկատվական ռեսուրսներով: Դրանք ավելի շատ խաբկանք են հենց տնօրինողի, քան սպառողի համար:
 
Այդ տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանը կամա թե ակամա հայտնվել է Սերժ Սարգսյանի «հաշվեհարդարի» հետեւանքի առաջ: Սարգսյանից փաստորեն նրան է մնում այն, ինչ նա էր թողել Սերժ Սարգսյանին 2008-ից հետո, ինչի պատճառով Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր իշխանությունը եւ դուրս գալ Քոչարյանի ականապատած դաշտից: Կա մի տարբերություն՝ այժմ Սարգսյանը չի թողնում դե յուրե իշխանություն, ինչը իհարկե մի փոքր պատասխանատվությունն է նվազեցնում, բայց մյուս կողմից ծանրացնում է գործելու հնարավորությունը:
 
Քոչարյանը հայտարարել է, որ նոր իշխանությունը ճնշում է ընդդիմախոսներին: Փաստորեն, նա Հանրապետական կուսակցությանը զրկում է ընդդիմախոսի կարգավիճակից, որովհետեւ մինչ այժմ իրեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ն ոչ միայն չի զրկվել խոսքի որեւէ հնարավորությունից, այլ պահպանում է խորհրդարանի տեղերն ու պաշտոնները: Հետեւաբար, Քոչարյանի առաջ քաշած տրամաբանությամբ ստացվում է, որ ՀՀԿ-ն նոր իշխանությանը ընդդիմախոս չէ, այլապես կզրկվեր ձայնի իրավունքից, ինչպես ինքը:
 
Այսինքն, Քոչարյանն իրեն է հայտարարում «միակ ընդդիմություն», որովհետեւ առայժմ ինքն է «միակ զրկվածը»՝ ըստ իր առաջ բերած նշաձողի: ՀՀԿ-ն հայտնվում է երկիմաստ վիճակում, կամ պետք է վիճարկի Քոչարյանի առաջ քաշած սկզբունքը, կամ ընդունի, որ այսուհետ Քոչարյանն է միակ ընդդիմությունը, իսկ ՀՀԿ-ն կարող է կամ հայտնվել նրա ներքո, կամ խաղից դուրս:
 
ՀՀԿ-ն պետք է ընտրի՝ կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի ճանապարհային քարտեզը, կամ Սերժ Սարգսյանի ՀՀԿ բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Սերժ Սարգսյանին ընտրելով ՀՀԿ-ն մի անգամ արդեն կորցրել է իշխանությունը: Կընտրե՞ն երկրորդ անգամ: Իսկ ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը, եթե ՀՀԿ-ն ընտրի իրեն: Ըստ այդմ մեծ է հավանականությունը, որ Սարգսյանը կանի հնարավորը, որպեսզի ՀՀԿ-ն գոնե առաջիկա ամիսներին ընտրի Ռոբերտ Քոչարյանի ճանապարհային քարտեզը: Սարգսյանն այդպիսով կազատվի ՀՀԿ-ից, որին դեռեւս ապրիլին 25-ին հորդորեց նոր նախագահ ընտրել, սակայն որը չլսեց հորդորն ու Սարգսյանին գրեթե պահեց պատանդի կարգավիճակում:
 
Այդ իրողությունների ֆոնին հետաքրքիր է, որ Քոչարյանի կալանքի մասին դատարանի վճռից երկու օր առաջ ուշագրավ «մեկտեղում» էր Արցախում, ուր մորը տեսակցության առիթով մեկնել էր Սերժ Սարգսյանը, իսկ Բակո Սահակյանի հետ հանդիպելու համար էր մեկնել էր ԱԱԾ պետը: Եղե՞լ է արդյոք համատեղ հանդիպում եւ օրինակ Քոչարյանի գործի քննարկում երեքի ֆորմատով, դժվար է ասել, սակայն համաժամանակյա հանգամանքը քոչարյանական գործի զարգացման ֆոնին իսկապես հետաքրքիր է կամ համենայն դեպս ուշադրության արժանի:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play