Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը


Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

  • 16-08-2018 13:48:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝  «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի  ներկայացված հայտը բավարարելու մասին»  որոշման մեջ: Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր  կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար:  Մենք հավանաբար առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները  ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,-նշել է վարչապետը:
 
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը: Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ: Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվել է: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանելու նպատակով  կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի առավել ամբողջականացնել և իրավական առումով հստակորեն կանոնակարգել համապատասխան ցանկը՝ խուսափելով տարբեր գերատեսչությունների կողմից հավաքագրվող տեղեկատվական բազաներում առկա անհամապատասխանություններից:
 
Օգոստոսի 22-ին Երևանում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
 
Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 21-ին կանցկացվի ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play