Ռոբերտ Քոչարյանը փրկեց կառավարությանը


Ռոբերտ Քոչարյանը փրկեց կառավարությանը

  • 17-08-2018 13:50:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկիր Մեդիայում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հաստատեց մեր այն պնդումը, որ նա ըստ էության ասելիք չունի: Տապալված ասուլիսից հետո նրա գրասենյակը հայտարարել էր, թե իշխանությունը վախեցել էր, որ Քոչարյանը կասի կարեւոր բաներ: Հարցազրույցի ժամանակ նա ասաց նույն բաները, ինչ վերջին երկու տասնամյակում էր ասել, գովեց իր ժամանակաշրջանը եւ գործերը եւ հայտարարեց, որ չունի 4 միլիարդ, ինչպես նաեւ կապ չունի տեղի ունեցած ողբերգությունների հետ:
 
Քոչարյանը, խոսելով աշխարհում եւ մասնավորապես Հայաստանի շուրջ տեղի ունեցած խոշոր փոփոխությունների մասին, կրկնում է նույն թեզերը, որոնք հանգում են Հայաստանի «գլուխը կախ» գոյություն քարշ տալուն: Օրինակ, նա ասում է, թե Ռուսաստանի հետ այլ լեզվով չի կարելի խոսել, Թուրքիան այլեւս ժողովրդավարական չէ եւ ագրեսիվ քաղաքականություն է վարում, պետք է ամեն գնով բանակցել Ադրբեջանի հետ եւ այլն: Այսինքն, արձանագրելով նոր իրավիճակը, միեւնույն ժամանակ չի առաջարկում որեւէ նոր մոտեցում:
 
Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը համընկավ Ջորջ Բուշի «ոսկե դարաշրջանին», երբ աշխարհում աննախադեպ քաղաքական կայունություն էր, տնտեսական վերելք, ինչը նպաստավոր էր նաեւ Հայաստանի համար: Սակայն Քոչարյանի նշած տնտեսական աճը մշուշի պես ցրվեց առաջին իսկ ճգնաժամից: Ինչպես ասել էր նրա նախկին զինակիցներից մեկը՝ դա սպեկուլյատիվ աճ էր:
 
Մի բան ըստ էության Քոչարյանը ճիշտ է ասում՝ իրենից տարիներ շարունակ հետեւողական կերտել են «մեղավորի», իսկ այլ լեզվով՝ հրեշի կերպար: Բնականաբար, նա չէր կարող միանգամից ամեն ինչի մեղավոր կամ միակ մեղավոր լինել: Բայց այդ կերպարը հետեւողական կերտվում էր, ինչպես ժամանակին Վանո Սիրադեղյանի դեպքում, ընդ որում՝ նույն կենտրոնից: Ընդ որում, դրան նպաստում էր ինքը Քոչարյանը, նկատի առնելով նրա քաղաքական կոշտ ոճը, հոգեբանությունն ու բառապաշարը, ինչը ոսկերչական ճշգրտությամբ օգտագործվում է այդ կերպարը կերտողների կողմից:
 
Դա շարունակվում է նաեւ ներկայում, եւ դա քաղաքական խիստ որոշակի նպատակներ է հետապնդում: Քոչարյանի այդ կերտված կերպարի վրա 10 տարի իր քաղաքական ակտուալությունը պահեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, 10 տարի իշխանության մնաց Սերժ Սարգսյանը, եւ երեւում է նոր իշխանությունն էլ դեմ չէ այդ հնարքը օգտագործելուն, հատկապես եթե չարձանագրի էական նվաճումներ ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում, եւ այդ պայմաններում միակ մեթոդը մնան տեսարանները:
 
Այս իմաստով, Քոչարյանի վերադարձը քաղաքականություն առայժմ միայն այդ «էֆեկտն» ունի՝ նոր կառավարության շուրջ պահել հանրային աջակցությունը, դաշտը դարձնելով սեւ ու սպիտակ եւ փակելով ցանկացած առողջ ընդդիմախոսության ճանապարհ: Դա գիտակցվա՞ծ է արվում, թե ոչ՝ արդեն էական չէ: Էականն այն է, որ նման «բաժանարար գծերը» որեւէ լավ բանի չեն հանգեցնի:
 
 
Լուսանկարը՝ Երկիր Մեդիա  Հեռուստաընկերության
 
 
 
երկիր 
Նոյյան տապան  -   Վերլուծություն