Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ամփոփել է աշխատանքային 100 օրը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ամփոփել է աշխատանքային 100 օրը

  • 17-08-2018 15:54:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը:
 
1. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն ավելի թափանցիկ և արդյունավետ, հաշմանդամության ճանաչման գործընթացն էլ ավելի դյուրին և հասանելի դարձնելու նպատակով մի շարք փոփոխություններ են նախատեսվել փորձաքննության իրականացման կարգում և ՀՀ կառավարության մի քանի որոշումներում։
 
2․Մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի բոլոր աջակցող սարքերը, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները քաղաքացիներին կտրամադրվեն հավաստագրման կարգով, ինչն անձին հնարավորություն կտա ձեռք բերել իր կարիքին համապատասխան աջակցող սարք։ Նախագծի ընդունմամբ կբարձրանան պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետությունը, հասցեականությունը, աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների միջև մրցակցությունը:
 
3. Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր մոդել։
 
4.Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականի ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ, ծրագրեր: Տարեկան ծրագրում մշակվել և ընդգրկվել են նոր միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում նոր հնարավորություններ են ընձեռվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և սոցիալական ներառման համար:
 
Նախարարի տեղակալի հետ քննարկումների արդյունքում տարեկան ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները:
 
Ապագա
 
• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունում
• Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման մոդելի ներդրում
• Կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներգրավում
• Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում
• Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտային միջոցների ձեռքբերում, ավտոկայանատեղիների մատչելիության ապահովում,
• Նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողի կրթական կարիքի գնահատում և համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծում,
• Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցում զբաղվածության աջակցման կենտրոնում և այլն։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն