Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով առաջադրվել է մեղադրանք․ՀՔԿ


Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով առաջադրվել է մեղադրանք․ՀՔԿ

  • 17-08-2018 13:33:29   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ բռնություն է գործադրվել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ մի բնակչի նկատմամբ:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
 
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մի խումբ անձինք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ են գնացել օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Հասնելով վարչական շենքի մոտ՝ աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ մահակով հարվածելով նրան: 
 
Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք բռնություն են գործադրել նաև ծեծկռտուքին միջամտած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և վարչական շենքում շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության երկու աշխատակցի մարմնի տարբեր մասերին, պատռել նրանցից մեկի համազգեստի շապիկը և ուսադիրը:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play