Փոխնախարարին ներկայացվել են փոստով ստացված փաթեթների ուշացման պատճառները


Փոխնախարարին ներկայացվել են փոստով ստացված փաթեթների ուշացման պատճառները

  • 17-08-2018 18:20:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ է ստանում ՀՀ մուտք գործած հասարակ փաթեթները «Հայփոստ» ընկերության կողմից հասցեատերերին ուշ հանձնելու վերաբերյալ։
 
«Հայփոստ» ՓԲ ընկերությունից նախարարությանը պարզաբանում են, որը խնդիրը կապված է Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված նոր կարգի հետ, համաձայն որի՝ հուլիսի 8-ից, այլ երկրներից փոստային առաքման միջոցով Հայաստան եկող մինչև 2 կգ փաթեթները ևս պետք է մուտքագրվեն «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» ծրագրով։ Այս փոփոխությունը լրացուցիչ մեծածավալ աշխատանք է պահանջում, համապատասխան սարքավորումների և աշխատակիցների համալրում։ 
 
Խնդրին տեղում ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով «Հայփոստ» ընկերության Փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն է այցելել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
 
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նախարարի տեղակալին ներկայացրել են իրավիճակը։ Նշվել է, որ խնդիրը կանոնակարգելու նպատակով աշխատակիցների քանակն ավելացվել է։ 
 
Բացի այդ, «Հայփոստ»-ի կողմից ՊԵԿ-ին պաշտոնական նամակ է հղվել, որում ստեղծված իրավիճակը կարգավորելու առաջարկություններ են ներկայացվել անհրաժեշտ սարքավորումների, աշխատակիցների քանակն ավելացնելու, աշխատանքի 24-ժամյա հերթափոխի անցնելու վերաբերյալ։  
 
Խուան Պաբլո Գեչիջյանը Արմեն Արզումանյանին հավաստիացրել է, որ աշխատակիցների ներկա քանակով իրենք կարող են շատ կարճ ժամանակահատվածում «Հայփոստ»-ի մասով կարգավորել իրավիճակը և սպասում են, թե աշխատաժամանակի և աշխատակիցների ավելացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն ինչ քայլեր կձեռնարկի։
 
Արմեն Արզումանյանն այցելել է նաև նամակների դասակարգման և առաքման բաժանմունք, որը համալրված է նորագույն սարքավորումներով։ Ի տարբերություն փոստային առաքանիների՝ նամակների կուտակումներ չկան, դրանք հասցեատերերին հասնում են սահմանված ժամկետներում։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն