Առաջադրվող ձեւաչափը կարող է միջազգայնորեն նկատվել մոդել համակարգ. Շահան Գանտահարյան


Առաջադրվող ձեւաչափը կարող է միջազգայնորեն նկատվել մոդել համակարգ. Շահան Գանտահարյան

  • 18-08-2018 16:46:53   | Լիբանան  |  Վերլուծություն

Խորհրդարանի եւ հանրահավաքի միջեւ գոյություն ունեցող ճեղքերը կնեղնան, երբ ըստ էության կայանան ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ
 
Նոյյան Տապան-ի հարցին պատասխանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Ի՞նչպես էք գնահատում վարչապետի ներկայացրած ժողովրդաիշխանության մոդելը։
 
Վարչապետ Փաշինյանը յուրահատուկ ձեւաչափ իրականացրեց համաժողովրդային հանրահավաքին ներկայացնելով կառավարության անցած 100 օրվան ուղին եւ որոշակի նախանիշեր՝ հետագայի գործունէությանը։
 
Քաղաքագիտական առումով մի քանի դիտարկային կետեր կարող ենք նկատել.
 
Հայտարարելով ուղղակի ժողովրդավարության մոդել կամ ուղղակի ժողովրդաիշխանություն պարզ է դառնում, որ այս պրակտիկան՝ նման հանրահավաքներ կազմակերպելով հանդես գալու, զեկուցելու եւ հառաջիկա անելիքները պարզելու, պիտի ունենա շարունակականություն։
 
Նկատի ունենալով որ երկրի կառավարման համակարգը խորհրդարանական է անհրաժեշտ է նոր ձեւաչափն ու սահմանադրական ընթացակարգերը՝ հաշվետվության, գործունէության ներկայացման եւ նախագծման առումով համատեղել, համադրել։ Այստեղ կա ուղղակի եւ անուղղակի ժողովրդավարական համակարգերը զուգահեռականացնելու նուրբ խնդիր, որը կարծում եմ հակասություն չի ստեղծի, մինչեւ այն ատեն, որ հանրահավաքում հայտարարվածները հիմնովին չեն տարբերվում խորհրդարանում կառավարությանը ներկայացրած ծրագրերից։Այստեղ իհարկե զգուշավոր եւ հավասարակշիռ  մոտեցում է պետք.երկիրը խորհրդարանական կառավարման համակարգ է որդեգրել եւ պետք է աշխատել անյպես որ խորհրդարանի քննարկումները, որոշումները, գործադիր_օրէնսդիր-արդարադատական փոխհակակշռումները սահմանադրության ճշտած իրաւադրույթների հիման վրա լիարժէք աշխատեն։
 
Ուղղակի ժողովրդավարության կիրառման ուղղությամբ կոնկրետ օրինակ բերվեց արցախյան հակամարտության լուծման տարբերակը հրապարակում քննարկելու մոտեցումը։ Կարծում եմ որ նման ճակատագրորոշ խնդիրների դեպքում ոչ նուազ ուղղակի ժողովրդային կամարտահայտության դրսեւորում կիրականացվի հանրաքվէով։Գործող Սահմանադրությունը հանրաքվէի կազմակերպման հնարավորոթյուն իրավադրույթ ճշտել է արդեն։
 
Ուզում եմ ասել, որ քաղաքագիտական առումով նոր մոդելի կամ նոր ձեւաչափի առաջադրման ընթացքում վարչապետը ներառել է սահմանադրական եւ իրաւական հնարավորությունները։
 
Խորհրդարանի եւ հանրահավաքի միջեւ գոյություն ունեցող ճեղքերը կնեղնան, երբ ըստ էության կայանան ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, երբ ժողովուրդը համոզվի որ գործող խորհրդարանը ժողովրդի ներկայացուցիչների օրենսդրական մարմինն է։
 
Ինչպես թաւշյա հեղափոխությունը այնպես նաեւ խորհրդարանական համակարգի կառավարման շրջանակներում առաջադրվող ձեւաչափը կարող է հանդիսանալ եւ միջազգային ընտանիքի կողմից համարվել ժողովրդաիշխանության մոդել դրույթ։
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play