«Գութան» փառատոնի շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը


«Գութան» փառատոնի շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը

  • 20-08-2018 13:34:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ինքնատիպ տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար», «Վերադարձ» ավանդական երգի, պարի համույթները:
 
«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է ամբողջական Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաև հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի ևս երգի-պարի խմբերը ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):
 
Ընդ որում՝ բոլոր երգերն ու պարերը ներկայացվում են պարտադիր կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվում են մեր ազգային նվագարաններով:
 
Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք ևս, ինչպես ավանդաբար մասնակցողներն ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջև նպատակ է դրել երևան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք և հրամցնել ունկնդրին: Չէ՞ որ այս փառատոնը կրում է հայ ավանդական երաժշտարվեստի, երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունը: Եվ, ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին:
 
Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա մեկ ամիս շուտ.կազմակերպիչները հաշվի են առել երկու կարևոր հանգամանք՝ սեպտեմբերի անկանխատեսելի եղանակային պայմանները և զբոսաշրջիկների ներկայիս մեծ ներհոսքը մեր երկիր: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաև ճանաչելի է դառնում օտարերկրացիներին:
 
Տեղեկացնենք, որ փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն