Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին


Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

  • 20-08-2018 14:35:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
 
Ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով` այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
 
Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին` խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ: Ըստ Արա Բաբլոյանի` այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են, օրինակ, խնդիրների վաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:
 
Տանյա Ռադոչան կարևորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:
 
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն