Հեղափոխությունն այսօրվանից է սկսվել, դրանից առաջ ապստամբություն էր
20-08-2018 15:38:58 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
-Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքը և երկրում ստեղծված իրավիճակը։ Ձեր կարծիքով, վտանգներն ավելի չե՞ն մեծանում՝ հաշվի առնելով նաև ՀՀԿ փոխնախագահների գնահատականները Փաշինյանի ելույթին։
-Իրենց կարգավիճակին համարժեք գնահատականներ են տրվել։ Ընդհանուր առմամբ, ես ՀՀԿ-ականների հայտարարությունները գնահատում եմ չափազանց գավառական։ Մենք գիտեինք, որ ոչ միայն իրենք են գավառամիտ, այլև մեր երկիրն են ուզում դարձնել իմպերիայի ծայրագավառ։ Եվ քանի որ դարձրել են իմպերիայի ծայրագավառ, իրենք էլ գավառականի վարքագիծ ունեն, որի վկայությունն են իրենց գնահատականները, Աթենքի դեմոկրատիան չեն հավանում։ Իրենք նշել են ու չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը։ Երբ օգտագործվում է հեղափոխություն բառը, դա նշանակում է նոր Ազգային ժողով, նոր կառավարություն, նոր դատարան, նոր ոստիկանություն, բոլորովին նոր հարկային համակարգ։ Իրենց արածը, իրենց պատկերացրածը պետք է փոխվի, որի համար ուժ է պետք, իսկ այդ ուժը այսօր, այո, դրսից ճնշումն է։ Եթե իրենք հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, խոնարհվելու է Ազգային ժողովի առջև և ասելու է ձեր ծրագրերին հարմար, ձեզ հարմար, ձեր գավառամտությանը հարմար օրենքներ ընդունեք ինքներդ ձեզ պատժելու մասին, ինքնախարազանման մասին, բայց իրենք սխալվել են։ Իրենք գավառամիտ են, չեն հասկանում, որ իրենք անցյալ են, նույնիսկ երեկվա օրը չեն, արդեն երեկ չէ առաջին օրն են իրենց լիդերով, ժամկետանց գաղափարներով, դեմոկրատիայի, Սահմանադրության մասին իրենց կարծիքներով։ Նրանք հրաշալի արձագանք տվեցին, կարծում եմ՝ եթե պատվիրեինք, այդպես չէին արձագանքի։ Նրանք ոչ թե Սահմանադրության պաշտպաններն են, այլ իրենց արտոնությունների պաշտպաններն են։ Նրանք իրենց արտոնությունների համար Սահմանադրություն էին գրել ու հիմա էլ ուզում են պաշտպանել, բայց սպառել են իրենց արտոնությունները, իրենց իմպերիայի գավառականությունը, իրենց հավերժությունը իշխանությունում, իրենց անգործությունն ու ծուլությունը պաշտպանող կարգը։ Հենց դրա դեմ է լինելու հեղափոխության հաջորդ փուլը։ Կորչի գավառամտությունը, իմպերիայի ծայրագավառի գավառականների ելույթները։ Նրանք ուզում են մնալ իմպերիայի ծայրագավառ, տեսնես չե՞ն ուզում մեսրոպյան տառերն էլ փոխել կիրիլիցայով։
-Իսկ այս պահին Նիկոլ Փաշինյանի համար վտանգներ կա՞ն։
-Իհարկե վտանգ կա, եթե մենք այդքան անկենսունակ լինենք, եթե այս բոլորը թյուրիմացություն լինի, եթե այս մոբիլիզացիան, ազատության նկատմամբ մեր վերաբերմունքը, ազատասիրությունը, ապստամբությունը անկենսունակ լինի։ Սա ապստամբություն է, դեռ հեղափոխությունը չի եղել, երկրորդ փուլը պետք է լինի հեղափոխությունը։ Իհարկե, իրենք դիմադրելու են, բայց ես վստահ եմ, որ դա իրենց մոտ չի ստացվի, որովհետև իրենց գլխավոր ուժը ուժասպառ է։ Իրենց պատվիրատուին հեռացրել են Հայաստանից, և նրանք չեն հաջողի։ Նրանք անընդհատ կանչում են պատվիրատուին, ասում են՝ արի մեզ պաշտպանի, արի վերականգնի քո իշխանությունը մեր միջոցով, բայց նա կապույտ թաշկինակը թափահարել ու հեռացել է Հայաստանից։
-Ինչո՞վ է պայմանավորված, որ նախկին իշխանությունը հիմա ավելի մեծ գրոհով է փորձում ճնշում գործադրել իշխանության նկատմամբ։ Հնարավո՞ր է, որ մեկ տարի հետո նրանք անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և փոխեն վարչապետին խորհրդարանում։ Հնարավո՞ր է, որ այս սցենարը եղել է ի սկզբանե, դրա համար էլ այդպես հեշտ հանձնեցին իշխանությունը։
-Նրանք ոչ իշխանությունը վերցրել էին, ոչ էլ իշխանությունը հանձնող էին։ Նրանց իշխանությունից հեռացրեցին։ Նրանք որպես ինքնուրույն, ինքնաբավ ուժ, շատ թույլ են։ Նրանց հույսն այն է, որ նոր իշխանությունն իրենցից լավը չի։ Նրանց հույսն այն է, որ Հայաստանում կարող է ձևավորվել մի ուրիշ դրածոների իշխանություն։ Նրանք չեն սպասում, որ Հայաստանում կարող է ձևավորվել ինքնաբուխ, ազգային, ժողովրդավար, ժողովրդի աջակցությամբ ձևավորված իշխանություն։ Նրանք կարծում են, որ դա ժամանակավոր բան է, չի կարող այստեղ որևէ մեկը ավելի հայրենասեր լինել, քան իրենք են, ավելի գործունյա լինել, քան իրենք են։ Այսինքն ռևանշի այս պայքարն իրենց մեծամտության նշաններ են։ Նրանք կարծում են, թե իրենք իրենցից ինչ-որ բան ներկայացնում են, չեն հաշտվել իրականության հետ։ Անշուշտ, ես դրանում վտանգ տեսնում եմ, բայց վտանգն այն է, որ նոր իշխանությունը չսխալվի։ Եթե նոր իշխանությունը սխալվի, եթե նոր իշխանությունը թյուրիմացություն է, նշանակում է՝ հայկական պետականությունն ավելորդություն է, հայ ժողովուրդը պետության արժանի չէ, նշանակում է նոր իշխանության ազատամարտիկները վախկոտներ են, հետևողական չեն։ Մենք այդ վտանգի առջև ենք կանգնած։ Եթե հասարակությունը, ապստամբներս, չկարողանանք մեր հաղթանակը հասցնել մինչև վերջ, նշանակում է հայկական պետությունը ծայրագավառ է։ Նրանք հենց դրա վրա են հույս դրել, որ մենք չենք կարող իրական անկախ պետություն լինել։
Ես հիմա շատ ուրախ եմ և ինքնավստահ եմ, որովհետև առաջին անգամ հեղափոխականները, ապստամբները նորից հայտարարեցին ազատ, անկախ Հայաստան։ Մինչև այդ օրը հնչում էր արդար Հայաստան, ինքնիշխան Հայաստան, անկախություն բառը վերջապես հնչեց։ Դա ապստամբության դրոշ բարձրացնել էր, նշանակում է՝ Հայաստանը ծայրագավառ չէ, Հայաստանն անկախ պետություն է։ Հարթակում կանգնած վերնախավը, որ ազատ, անկախ Հայաստան էր վանկարկում, անպայման կհաղթի։
Այո, վտանգ կա, բայց այդ վտանգը թատերական է։ Փաշինյանը շատ ճիշտ ասաց՝ 17 նախկին կոռուպցիոներ և 22 ֆեյք, սա է ձեր քաղաքացիական աջակցությունը: Նամակում գրված էր՝ 4 հոգի, չհաշված շանը։ Այնպես որ, հեղափոխության նպատակը հենց ազատ, անկախ Հայաստանն է։ Դա տիեզերական արժեք է, և մենք կհաղթենք։ Նրանք շատ թույլ են և չեն կարող նույնիսկ Ազգային ժողովում քվեարկել իրենց շահերի օգտին։ Նրանք արդեն մեկ անգամ իրենց շահերին դեմ քվեարկել են. հայտարարել են, որ դեմ են Նիկոլ Փաշինյանին, բայց դեմ լինելով կողմ են քվեարկել նրա վարչապետությանը։ Նրանցից ուրիշ ի՞նչ կարելի է սպասել։ Նրանք հայտարարեցին, որ դեմ են հեղափոխությանը, դեմ են անկախությանը, ու քվեարկեցին հեղափոխության դրոշակակրի օգտին։
Հեղափոխություն այսօրվանից է սկսվել, դրանից առաջ ապստամբություն էր։ Եվ եթե իրենք անպաշտպան թողնեն իրենց իշխանությունը, անպայման վերցնող միշտ էլ կլինի, բայց մենք չենք հանձնի։