«Եթե օրենքի տառ պահպանեինք, ապա հեղափոխություն չպետք է անեինք». Հայկ Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)
20-08-2018 16:17:37 | Հայաստան | Քննարկում
Ինչն էր կարևոր օգոստոսի 17-ի հանրահավաքւմ: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյան ասաց, որ երեք կարևոր բան հնչեց. առաջինը, ինչպես Փաշինյանը հայտարարեց, այն է, որ նախատեսում է Հայաստանում ներդնել հանրաքվեների մեխանիզմ, այսինքն Հայաստանը գնալու է, ըստ էության, շվեյցարական մոդելով, որն իդեալական մոդել է և շատ հարմար է փոքր պետություններին, մեծ պետություններում այն կարող է որոշակի դժվարություններ ունենալ, բայց Հայաստանում դա իդեալական մոդել է:
«Երկրորդ հանգամանքն այն է,- շարունակելով իր խոսքը, ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը,- որ պետք է անցումային դատական համակարգ ներդրվի, որովհետև արդեն ակնհայտ է դարձել և իշխանությունը դա նույնպես ընդունում է (գործադիր իշխանությունը նկատի ունեմ), որ դատական իշխանությունը իր ազատությունը չի կարողանում արդարորեն օգտագործել, ստացել է ազատություն, բայց արդարություն չի կարողանում որդեգրել ինքն իր համար: Եվ դրա համար Փաշինյանն առաջարկեց անցումային արդարադատություն, որը շատ լավ դրույթ է, շատ կարևոր է և անհրաժեշտ էր անել, և այդ մասին դիսկուրս արդեն կար վերջին երկու շաբաթների ընթացքում:
Երրորդ շատ կարևոր հանգամանքն այն էր, որ խոսք գնաց Ազգային ժողովի լուծարման մասին և տեսանք, որ Փաշինյանը հստակորեն գիտակցում է և հասկանում է, որ հակահեղափոխությունը լինելու է խորհրդարանում, նաև եթե ոչ հիմնականում, և որ, ըստ առկա Սահմանադրության, գործող Սահմանադրության դրույթի, եթե ինքը հրաժարական է տալիս և երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովի ինքնալուծարման դրույթը չի աշխատելու, որովհետև հիմա հանրապետականները թև են առել, և ոչ միայն հանրապետականները, և տապալելու են` ընտրելով ուղղակի այլ վարչապետ, որը ստեղծելու է նոր իրավիճակ, և արդեն շատ ցածր են լինելու ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորությունները արդեն տեղի ունեցած հակահեղափոխության դեմ: Ինքը դրա լուծումը տեսնում է Ազգային ժողովի ինքնալուծարման հնարավորության դրույթ մտցնելու մեջ` Սահմանադրության փոփոխություններով: Այսինքն, ըստ իրեն, պետք է արվի Սահմանադրության փոփոխություն հանրաքվեի միջոցով, որում ներդրվի այդ դրույթը, այնուհետև ստիպվի Ազգային ժողովին (որովհետև համոզելով չի լինի դա, բարի կամքով չեն անի իրենք) քաղաքականապես ինքնասպանվել»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե որքանո՞վ է օրենքի տառի պահպանումը հեղափոխության հետ համատեղելի, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց.
«Որևէ կերպ համատեղելի չէ, եթե օրենքի տառ պահպանեինք, ապա հեղափոխություն չպետք է անեինք»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։