Ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկում


Ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկում

  • 20-08-2018 17:14:45   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
 
Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:
 
Նպատակ ունենալով լսելու և հաշվի առնելու հանրության կոմպետենտ բոլոր խմբերի կարծիքները՝ հանձնաժողովը կազմակերպում է այդ փաթեթի հանրային քննարկում:
 
Քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին (հինգշաբթի), ժամը 16:00-ին, Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, 5-րդ հարկ):
 
Քննարկմանը հրավիրվում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ընտրական իրավունքի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները:
 
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ kristina.poghosyan@gov.am հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ:
 
Հանդիպումը ամբողջությամբ բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play