ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում


ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում

  • 21-08-2018 14:07:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։
 
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝
 
հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև․ 
 
մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն․
 
թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների և գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․
 
մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետևողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։
 
Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջև գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։
 
Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն