Սփյուռքի նախարարն ամփոփել է Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերի արդյունքերը


Սփյուռքի նախարարն ամփոփել է Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերի արդյունքերը

  • 21-08-2018 17:40:21   | Հայաստան  |  Հասարակություն

 
Օգոստոսի 21-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի նպատակը նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն և ԱՄՆ կատարած այցերի արդյունքների ամփոփումն ու հետագա համագործակցության հեռանկարների ներկայացումն էր:  
 
Անդրադառնալով Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հրավերով Կիպրոս կատարած պաշտոնական այցին՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այն ուներ երեք հիմնական նպատակ: Առաջին նպատակը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ  եռակողմ հանդիպումը, փորձի փոխանակումն ու սփյուռքների համագործակցության շրջանակներում տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն էր:  «Հանդիպումներ ունեցա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրի հետհեղափոխական Հայաստանի տեսլականը, լսեցի առաջարկներ: Իհարկե այցելեցի նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն, որի խնդրին ծանոթ եմ վաղուց, սակայն այս հարցում դեռևս հանդես եմ գալիս լսողի դերում, փորձում լսել բոլոր հիմնավորումները և շարունակել աշխատանքները երկու կողմերի հետ էլ»,-հավելեց նախարարը: 
 
Մանրամասն խոսելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիք և Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Վերջինս հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման, սփյուռքների հարցերի շուրջ գործակցության մեկնարկի ցանկություն է հայտնել: «Հաշվի առնելով հեռանկարները՝ ես ևս դրական արտահայտվեցի համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Կիպրոսի նախագահի առաջարկով՝ որոշեցինք Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին ներգրավել նաև հայաստանյան կողմին: Քայլն արված է, և առաջին քառակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Ես սա համարում եմ Կիպրոս կատարած այցի ձեռքբերումներից մեկը, որը հող է նախապատրաստում նաև պետությունների ղեկավարների հանդիպումների համար: Կարևոր է նաև, որ այս երկրները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հստակ դիրքորոշում ունեն»,-նշեց սփյուռքի նախարարը՝ չմոռանալով ասել նաև, որ հանդիպումների ընթացքում առկա էր մեծ ոգևորություն Հայաստան պետության և թավշյա հեղափոխության հանդեպ: Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի նախարարի հրավերով սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, այնուհետ աշխատանքային այց կկատարի Լիբանանի Հանրապետություն:
 
Ներկայացնելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցի հիմնական շեշտադրումները՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այցի հիմնական նպաստակը հայ համայնքի հետ տարվող աշխատանքները և նոր Հայաստանի ասելիքները համայնքին հասցնելն էր: «Բազմիցս նշել եմ, որ սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պիտի փոխվի: Սփյուռքն այլևս չի ընկալվում որպես բանկոմատ, պետք է լինի փոխշահավետ համագործակցություն և փոխադարձ հոգատարություն: Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ, և հակառակը: Այս ամենը արտահայտված է լինելու մեր տեսլականում, որը մշակվում է ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ընդգրկված կլինի պետական հայեցակարգի շրջանակներում: Մենք խնդիր ունենք նաև ճանաչել սփյուռքը, պետք է գիտական հետազոտություններ և խորը ուսումնասիրություններ կատարվեն: Նախկինում մեծ համայնքներն են եղել ուշադրության կենտրոնում: Այսուհետ այդպես չի լինելու, մենք աշխատելու ենք բոլորի հետ»,-շեշտեց նախարարը: Նա նաև հավելեց, որ ամերիկահայերին փոխանցված հիմնական ուղերձներից մեկն էլ այն է եղել, որ միայն հայաստանակենտրոն մոտեցումն ընդունելի չէ, և Հայաստանը ևս պետք է լուծի սփյուռքի խնդիրները: 
 
Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներն իրենց աշխարհագրությամբ աննախադեպ էին. եղան ինչպես համայնքային, այնպես էլ կուսակցական գործիչների, հոգևոր, կրթական շրջանակների ներկայացուցիչների հետ բազում հանդիպումներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Բոստոնում: «Եթե որևէ հայկական կառույց, կազմակերպություն հայտարարի, որ իմ այցի ընթացքում իրեն անտեսված է զգացել, ես շատ կզարմանամ: Այսօր արդեն սփյուռքի նախարարությունն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ, ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի համախմբման: Այս ուղերձը շատ լավ ընդունվեց ամերիկահայերի կողմից: Իհարկե, նախկինում եղել են մերժվածներ և արտոնյալներ, սակայն այսօր նման տարանջատում լինել չի կարող: Կա համագործակցության մեկ նախապայման՝ անմնացորդ նվիրում աշխատանքին»,-ընդգծեց սփյուռքի նախարարը: Շարունակելով թեման՝ նախարարը մեկ անգամ ևս նշեց, որ սփյուռքը բազմաշերտ է, և յուրաքանչյուր համայնք պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար Մխիթար Հայրապետյանը անխուսափելի համարեց նախարարության ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունները: 
 
Խոսելով ամերիկահայ համայնքի խնդիրների մասին՝ նախարարն առանձնացրեց ձուլման, դպրոցների փակման վտանգը, դասագրքերի, կրթության մրցունակության խնդիրը: Ինչ վերաբերում է սփյուռքում բնակվող և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած  քաղաքացիների հարցին՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ներկայացնել ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ սփյուռքահայերի կողմից արված առաջարկները: 
 
Սփյուռքի նախարարը փոխանցեց, որ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն հայտնողներ շատ են եղել, և չնայած օրենքի գերակայության հանդեպ վստահությանը՝ առկա է տեղեկատվության պակաս, և համապատասխան տեղեկատվությունը շուտով կտեղադրվի նախարարության կայքում: Մխիթար Հայրապետյանը նախատեսում է հանդիպում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու սփյուռքի ներդրումներին առնչվող խնդիրները: «Այցի ընթացքում ավելի քան 100 ընտանիք է ինձ մոտեցել և ասել, որ վաճառքի են հանել իրենց բնակարաններն ու ցանկանում են վերադառնալ Հայաստան: Պոտենցիալ հայրենադարձվողները ցանկանում են օրենքի գերակայություն և աշխատատեղերի ավելացում: Մասնագիտական հայրենադարձության գործընթացն արդեն իսկ սկսվել է, և մենք ևս փորձում ենք պետական կառավարման համակարգում ներգրավել նաև սփյուռքի ներուժը»,-նշեց սփյուռքի նախարարը:
 
Ամփոփելով ասուլիսը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ չնայած մասնագիտական հայրենադարձության մեծ պահանջին՝ պետությունն այսօր մեծ ներգաղթի պատրաստ չէ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play