Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-08-2018 19:04:37   | Հայաստան  |  Հասարակություն



Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց: 
 
Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության հետհեղափոխական գործունեության 100 օրն ամփոփելիս՝ ընդգծեց Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: 
 
Ըստ նրա՝ 100 օրը փոքր ժամանակ է հարյուր տոկոս բարեփոխումներ իրականացնելու համար, բայց միանգամայն բավարար է գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու և փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար: 
 
Ա. Ղուկասյանի խոսքերով՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում ՀՀ ոստիկանությունն անշեղորեն իրագործել է օրենքով սահմանված և հանրության առաջադրած խնդիրները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքները, կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքարը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
 
Բանախոսը, մասնավորապես, ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներից.
 
«2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,3%-ով: Ընդգծենք՝ հենց գրանցվա՜ծ հանցագործությունների թիվը: Դա պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ: Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց և իր սպասումների մեջ չի հուսախաբվում: Նշենք միայն, որ հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.215 հաղորդման, 2017 թվականին՝ 9.730. աճը 35,8 տոկոս է:
 
Ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը: Վերջին 100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում գտնվող քրեական գործերով՝ 1253 ծանր, 133 առանձնապես ծանր հանցագործություն. սպանության և սպանության փորձի՝ 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ 108, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 17, հրազենի ապօրինի շրջանառության՝ 206, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 138, խուլիգանության՝ 111, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 410, այդ թվում՝ իրացման նպատակով՝ 228, թմրամիջոցների մաքսանենգության՝ 66, ավազակության՝ 23, կողոպուտի՝ 82, գողության՝ 1222, այդ թվում՝ բնակարանային գողության՝ 166, խարդախության 233 դեպքեր և այլն»: 
 
 
 
 
Մանրամասները տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play