Օգոստոսի 25-ից մեկնարկելու է «Զին տաքսի» ծառայությունը (տեսանյութ)


Օգոստոսի 25-ից մեկնարկելու է «Զին տաքսի» ծառայությունը (տեսանյութ)

  • 21-08-2018 23:12:42   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 
 
 
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր խոսելով «Զին տաքսի» ծառայության մեկնարկի մասին, «Զին տաքսի» ծառայության անդամ Արման Գալստյանն ասաց, որ այս ծառայությունն ասպարեզ է գալիս իր վաղեմի ընկեր Հովհաննես Մարգարյանի` զինվորների համար բարեգործական նպատակներ հետապնդող այսպիսի ծառայություն ստեղծելու առաջարկով:
«Ես ողջունեցի նրա քայլը, միևնույն ժամանակ փորձեցի հասկանալ, թե տաքսու ոլորտում ինչ խնդիրներ կան, և ես ինչով կարող եմ քաջալերել և օգնել»,- ասաց Արման Գալստյանը և հավելեց, որ օգոստոսի 25-ից մեկնարկելիք «Զին տաքսի» ծառայությունը հիմնել են իրենց ուժերով, առանց այլ տաքսի ծառայությունների հետ պայմանավորվելու: Այն լինելու է առանձին տաքսի ծառայություն, որի եկամտից ձևավորված հասույթի 80 տոկոսը «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հիմնադրամին կցվելով, գնալու է զինվորներին, զինվորների ընտանիքին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծայրահեղ կարիքավորներին:
Ըստ Արման Գալստյանի, վերոնշյալ նպատակին ծառայեցվելիք տաքսի մեքենաների քանակն այս պահին չի կարող ասել, որովհետև դեռ շարունակվում են վարորդների ընդունելություններն իրենց անձնական մեքենաներով: «Զին տաքսի» ծառայության մեքենաների հետևի ապակուն, ինչպես տեղեկացրեց բանախոսը, փակցված է լինելու «Աստված պահապան Հայոց բանակի զինվորին» մաղթանքը: Անդրադառնալով իրենց ունեցած խնդիրներին, Ա. Գալստյանն ասաց, որ մի քիչ խնդիրներ ունեն արտոնագրերի հետ կապված, որի համար հիմա պահանջվում է 9500 դրամ, ինչը, իր կարծիքով, բավական բարձր է, պետք է իջեցնել 5000 դրամի սահմաններում, որպեսզի բոլորը լիցենզավորվեն:
Բանախոսն անդրադարձավ նաև տաքսու ոլորտի ներկայիս իրավիճակին, չլուծված հրատապ խնդիրներին: Ըստ Արման Գալստյանի, դրանցից մեկն էլ այն է, որ եթե մարդուն բերում ենք օրենքի դաշտ և ասում, որ ձեր տրանսպորտային միջոցը պետք է արտոնագրվի, դուք պետք է արտոնագիր ձեռք բերեք, դրանից հետո առաջանում է ԱՊԱ-ի խնդիրը, որը եթե սովորական տրանսպորտային միջոցների պարագայում 30-32 հազար դրամ է, ապա տաքսու ապահովագրման համար պահանջվում է 62 000 դրամ:
«Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Հասմիկ Գասպարյանն էլ, իր հերթին, ներկայացրեց երկու կազմակերպությունների համատեղ աշխատելու որոշ ծրագրային դրույթներ:
 
Մանրամասները` տեսանյութում
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play