Հայաստանի վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի հետ<br />


Հայաստանի վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի հետ

  • 17-09-2010 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար եւ եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձեւավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ: Նա բարձր է գնահատել մեծ հայագետի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ ծավալված արդյունավետ համագործակցության մասին: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը եւ կարեւորվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը: Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին: Նշվել է, որ 2011 թվականի սկզբին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թվականի նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ավարտին Ա.Բոժկոն Տ.Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Ազգային օրվա առթիվ:
Նոյյան տապան  -   Քաղաքական