Պարոն նախարար, եթե կոռուպցիոներ եք, հրաժարական տվեք` փրկելով նոր կառավարության դեմքը


Պարոն նախարար, եթե կոռուպցիոներ եք, հրաժարական տվեք` փրկելով նոր կառավարության դեմքը

  • 23-08-2018 21:50:07   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Խոսքն ուղղակիորեն վերաբերվում է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Վերջինս պետք է արդեն իսկ պաշտոնանկ արած լիներ նախարարության համակարգում գտնվող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին` հրապարակայնորեն թեկուզ միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու (եթե նույնիսկ մի կողմ թողնենք ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ և (կամ) 282-րդ հոդվածներով նախատեսված արարքները), ինչպես նաև Սևանա լճում սիգի խայտառակ մասշտաբներ ունեցող ձկնագողության համար:
Սակայն, չնայած վերոնշյալի վերաբերյալ ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներին, ՀՀ բնապահպանության նախարարը կա՛մ անտեղյակ է այս ամենին (ինչին խիստ կասկածում ենք, բայց եթե այդպես է, ապա դա նույնպես նշանակում է, որ նա իր տեղում չէ), կա՛մ բացահայտ հովանավորչական վերաբերմունք է դրսևորում Վահե Գուլանյանի նկատմամբ: Հիմա փաստերով, հերթով ու մեկ առ մեկ անդրադառնանք Վ. Գուլանյանի ներկայացրած կեղծ տեղեկություններին:
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 1. 2018թ. հուլիսի 23-ին «Սևան» ազգային պարկին ոչ մի վտանգ չի սպառնում. ՊՈԱԿ-ի տնօրեն» վերտառությամբ «Արմենպրես»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, Վ. Գուլանյանը վստահեցնում է, որ «Սևանա լճի կանաչելու գործընթացը բնական երևույթ է ու կվերանա երկու շաբաթվա ընթացքում»:
Սևանա լճի կանաչելու գործընթացն արհեստական երևույթ չէ սոսկ այն առումով, որ մարդը լճի ջրին ինչ-որ կանաչ ներկ չի խառնել, ոչ էլ լճում «անաբենա» տեսակի կապտականաչ ու թունավոր ջրիմուռ է ցանել և աճեցնում: Սակայն, նշված ջրիմուռներով Սևանա լճի կանաչելու գործընթացը, այսինքն` կապտականաչ ջրիմուռների բուռն աճը բնական երևույթ չէ, քանի որ միայն ջրի բարձր ջերմաստիճանի հետևանքով դա տեղի չէր ունենա, եթե լիճը մարդկանց մեղքով, այսինքն` արհեստականորեն աղտոտված չլիներ օրգանական նյութի ահռելի զանգվածով, ինչպես նաև ֆոսֆորի այնպիսի քանակությամբ, որը հիմա լճում եղած ազոտի հետ անբարենպաստ, այսինքն` կապտականաչ ջրիմուռների աճը խթանող հարաբերակցության մեջ է:
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 2. «Իսկ ջրիմուռների հայտնվելը բնական է, դրանք կվերածվեն օրգանական նյութերի, որոնք օգտակար են լճի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Վ. Գուլանյանը:
 Հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի ասածից ստացվում է, որ Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների հայտնվելը, լճում դրանց բուռն աճը, Սևանի ծաղկումը դրանցով ոչ միայն բնական է (ինչը վերևում արդեն փաստեցինք, որ կեղծիք է), այլև օգտակար է, քանի որ «դրանք կվերածվեն օրգանական նյութերի, որոնք օգտակար են լճի համար»: Սա, ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում, հակագիտական անհեթեթություն է, մեղմ ասած, խայտառակություն: Իրականում Սևանա լիճն առանց կապտականաչ ջրիմուռներից առաջացած և առաջացող օրգանական նյութի էլ, արդեն իսկ ծանրաբեռնված է օրգանական նյութի ահռելի զանգվածով, որը ոչ թե օգտակար, այլ ճիշտ հակառակը` վտանգավոր ու վնասակար է լճի, նրա էկոլոգիական վիճակի համար, ավելին` վտանգավոր է ոչ միայն լճի համար…
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 3. Ինչպես տեղեկացրել է «Արմենպրեսը», «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստմամբ, «Սևանը ներկայումս գտնվում է բարվոք վիճակում»: Սա մի խայտառակ կեղծիք կամ մասնագիտական տգիտության արտահայտություն է, քանի որ Սևանա լիճը հատկապես այդ պահին գտնվում էր ու հիմա էլ գտնվում է էկոլոգիական ծանր ու տագնապալի վիճակում (ասվածի հիմնավորումներն այստեղ` «Չգնեք Սևանա լճի սիգն ու կարասը, դրանք կարող են թունավորված լինել (տեսանյութ և ֆոտոշարք)», «Սևանա լճի բազմաթիվ հատվածներում լողալն իսկապես վտանգավոր է (տեսանյութեր)», «Սևանի բազմաթիվ ափամերձ հատվածներ թունավորված են, վտանգավոր են ձկան օգտագործումը, այնտեղ լողալը, անասուններին ջրելը (տեսանյութեր)»):
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 4. «Ճահճացման մասին խոսք լինել անգամ չի կարող: Ահազանգը եղել է, կատարել ենք ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ արդյոք Սևանում առկա՞ են բոլոր այն հանքային տարրերը, որոնք նպաստում են լճի բնականոն գործընթացին: Այսինքն՝ խառնվո՞ւմ են տաք և սառը ջրերը, նորմա՞լ է կալցիումի կախույթի պարունակությունը և այլն»,- մեջբերելով Վ. Գուլանյանի խոսքը, գրել է «Արմենպրեսը»:
Իրականում Սևանա լճում օրգանական նյութի ահռելի զանգվածի առկայության, ֆոսֆորի և ազոտի անբարենպաստ հարաբերակցության, ջրի բարձր ջերմաստիճանի ու ջրում թթվածնի ցածր պարունակության, ջրի խիստ պղտորված լինելու ու ցածր լուսաթափանցելիության (2.3 մետր), կապտականաչ թունավոր ջրիմուռներով լճի բուռն ծաղկման և այլնի պայմաններում միանշանակ կարող է խոսք լինել հենց Սևանա լճի էվտրոֆացման, լճում ճահճացման գործընթացների սկիզբ առնելու մասին (ի՞նչ է` Սևանա լիճն ամբողջությամբ պետք է ճահճացա՞ծ լինի, կամ ճահճացման գործընթացը պետք է ամբողջությամբ ավարտվա՞ծ լինի, որ նոր միայն խոսք լինի լճի ճահճացման մասին…):
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 5. Ըստ «Արմենպրես»-ի հրապարակման, Վահե Գուլանյանը մեկնաբանել է նաև այն կարծիքը, թե կոյուղաջրերը նույնպես վնասում են Սևանա լիճը. «Ճիշտ է, կոյուղաջրերը լցվում են Սևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ոչ մի գյուղում կոյուղագիծ չկա: Բայց պետք է հասկանալ, որ դրանք մինչև Սևանը հասնելը ֆիլտրվում են, անցնում են հողի միջով»:
Ախ դեռ պետք է հասկանա՜լ… Քանի որ խոսքը հասկանալու մասին է, ապա հենց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարիք ունի հասկանալու (կամ` չկեղծելու), որ գյուղերից կոյուղաջրերը ոչ թե հողի մեջ լցվելով, հողի միջով ֆիլտրվելով են հասնում Սևանա լիճ, այլ առուների, գետերի մեջ լցվելով, առանց ֆիլտրվելու, հասնում են լիճ: Ի դեպ, եթե որոշ տեղերում էլ, օրինակ, Սևանա լճի ափին կառուցված բազմաթիվ հյուրանոցների, հյուրատների, հանգստյան գոտիների, ռեստորանների ու նմանաբնույթ օբյեկտների սոսկ մի մասից կոյուղաջրերը լցվում են հող, ապա հողի միջով որքան էլ մինչև լիճ հասնելը ֆիլտրվեն, կենսաբանական ու քիմիական մաքրման չեն ենթարկվում: Այս վերջին հանգամանքը Գուլանյանն ինքն էլ, ուղղակիորեն թե անուղղակիորեն, նշել է:
Կեղծիք կամ մասնագիտական տգիտություն 6. «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ինչպես պատմում է ՊՈԱԿ-ի տնօրենը, Սևանի ջուրը մաքուր է և պիտանի է խմելու համար»: Իրականում Սևանի ջուրը մաքուր չէ, կեղտոտ է, համենայն դեպս, այդ պահին որոշ հատվածներում նույնիսկ թունավորված «անաբենա» կապտականաչ թունավոր ջրիմուռի արտադրած թույնով, ու բնավ պիտանի չէր ու պիտանի չէ խմելու համար (մեր պնդումը փաստող Սևանի էկոլոգիական վիճակի ու լճի ջրի վիճակի վերաբերյալ գիտնականների խոսքին կարող եք ծանոթանալ նաև «Նոյյան Տապան» կայքի (nt.am) վերոնշյալ հրապարակումներից): 
Կեղծիք 7. «Սևանա լճում ջրիմուռների ի հայտ գալը հանրության կողմից սխալ ըմբռնվեց,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը:-Ահազանգը վերաբերում է ոչ թե կանաչելու գործընթացին, այլ այն հանքային տարրերին, որոնք հողի միջով անցնելիս չեն քայքայվում: Մենք ուսումնասիրություն կազմակերպեցինք, ինչի արդյունքները երկու օրից կիմանանք»:
Իրականում Սևանա լճում ջրիմուռների ի հայտ գալը հանրության կողմից սխալ չի ըմբռնվել, և բնապահպանների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ահազանգն էլ վերաբերվել է ոչ թե հողի միջով անցնող ու չքայքայվող հանքային տարրերին, այլ հենց լճի կանաչելու գործընթացին, այսինքն` կապտականաչ թունավոր ջրիմուռներով լճի ծաղկմանը (ահավասիկ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ահազանգը` http://www.moh.am/#1/1431 ): Բնականաբար, հարցեր են առաջանում նաև, թե հիշյալ ուսումնասիրության արդյունքները դեռ հայտնի չդարձած, պետական պաշտոնյան ինչո՞ւ է «Արմենպրես»-ին ներկայացրել իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ, հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու այս փորձն ի՞նչ շահագրգռությամբ է պայմանավորված, որտե՞ղ են այդ շահագրգռվածության արմատները, դրանք արդյոք պայմանավորված չե՞ն որոշակի անձանց հյուրանոցային-ռեստորանային բիզնեսով (շրջանառվող խոսակցությունների համաձայն, այդ ռեստորաններից մեկի իրական սեփականատերը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ինչին արդեն իսկ անդրադարձել ենք մեր «Սևանա լճի բազմաթիվ հատվածներում լողալն իսկապես վտանգավոր է (տեսանյութեր)» հրապարակմամբ): 
Կեղծիք 8. «Գիտնականներն ահազանգում են այլ բանի մասին, հասարակությունն ուրիշ բան է ընկալում: Հիմա բոլորին թվում է` Սևանը ճահճանում է, բայց չկա այդպիսի բան, ամեն ինչ վերահսկողության տակ է»,- մեջբերելով Գուլանյանի խոսքը, գրել է «Արմենպրեսը»: Իրականում, ինչպես ակնհայտ է մեր վերոնշյալ հրապարակումներից, գիտնականներն ահազանգում են ոչ թե այլ, հենց այն բանի մասին, ինչը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թույլ տված կեղծիքները կամ մասնագիտական տգիտության արտահայտությունները փաստելու համար, վերը ներկայացրեցինք:
Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, «Որքան էլ անհեթեթ է, եթե այժմ դեռ չասենք հանցավոր, այս իրավիճակում «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հասարակությանը ոչ միայն չի ներկայացրել վերոնշյալով պայմանավորված վտանգները, այլև կեղծ տեղեկություններ հրապարակելով, իրավիճակը ներկայացրել է անվտանգ և, ինչպես ասում են, փափուկ բարձ դրել հասարակության գլխի տակ, ինչի համար պետք է պատասխան տա»:                                                                                                                                                     
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու, իսկ 282-րդ հոդվածը` շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն, կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները (հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ) նույնպես հանդիսանում են հանցագործության մասին հաղորդումներ: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ և այլ հոդվածների համաձայն, քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
ԶԼՄ-ների մոնիտորինգն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ըստ էության, հանցագործության մասին հաղորսում պարունակող տողերիս հեղինակի հրապարակումից անցել է 13 օր, սակայն ինչպես ես, այնպես էլ «Նոյյան Տապան» կայքը չենք ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկնումեկի պատճենը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որևէ պահանջ` հանցագործության մասին հաղորդումը հաստատող նյութեր ներկայացնելու (թեև հրապարակվածն այդ առումով լիուլի բավարար է) վերաբերյալ, ինչից կարելի է միայն մեկ հետևություն կատարել` նախկին (կոռումպացված) Հայաստանի և ներկայիս (իբր թե նոր) Հայաստանի համապատասխան իրավապահ մարմինների աշխատանքի միջև գոնե այս առումով որևէ տարբերություն չկա:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք