Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը հաղթելու համար


Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը հաղթելու համար

  • 31-08-2018 13:18:27   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
 
- Պարոն Ենոքյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կարող է կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ նա նրան կհաջողվի։
 
-Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժերին կարող է կոնսոլիդացնել, բայց պետք է հաշվի առնել, որ քաղաքական ուժերը չեն ներկայացնում հասարակության լայն շերտերը։ Այսինքն՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթի, կարողանա շարունակել իր հաղթարշավը, նա պետք է երկու բան կարողանա անել. նախ՝ անցկացնել արդար ընտրություններ, այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացված քաղաքական ուժերը շատ փոքր ընտրազանգված կարող են իրենց շուրջ հավաքել։ Երկրորդ՝ նա պետք է ակնհայտ կոպիտ սխալներ չանի, ինչը իր ընտրազանգվածի զգալի մասին կարող է ստիպել երես թեքել իրենից և այլընտրանքներ գտնել։ Այս խնդրի լուծման համար կա մեկ այլ շանթարգել, որպեսզի քաղաքական ուժերը չգնան Ռոբերտ Քոչարյանի կողմը. երբ Հայաստանում ստեղծվի մի նոր քաղաքական բևեռ, որը չի լինի Ռոբերտ Քոչարյանը, բայց որը կարող է իր հետ վերցնել այն մարդկանց, որոնք գոհ չեն Նիկոլ Փաշինյանի ռեֆորմներից, և դա նույնպես կթուլացնի Քոչարյանի հաղթարշավը։ Դա կարող է երկփեղկել դժգոհների բանակը, կարող է Նիկոլ Փաշինյանի համար ստեղծել հաղթանակի հնարավորություն։
 
-Ինչ նկատի ունեք, երբ ասում եք՝ սխալներ թույլ չտա Փաշինյանը։
 
-Այս ընթացքում մենք տեսնում ենք ակնհայտ բացթողումներ և արտաքին քաղաքականության բնագավառում, որը շուտով իր արձագանքը կունենա, և ներքին քաղաքականության մեջ։ Նկատի ունեմ Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը, անայլընտրանք, միավեկտոր արտաքին քաղաքականությունը, ռեֆորմների ուշացումը ներքին քաղաքականության մեջ, ԱԱԾ-ին պատժիչ մարմնի դեր տալը և այդ դերին չափազանց  բարձր նշանակություն տալը։ Սրանք կարևոր փաստերի մի մասն են, և հնարավոր է մոտ ապագայում, երբ հեղափոխական էյֆորիան անցնի, մարդիկ, որոնք մի ժամանակ հրապարակ էին, աստիճանաբար դառնան քաղաքացի ու ընտրող, և հնարավոր է, որ նրանց հիասթափեցնի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
 
- ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Փաշինյանը հրաժարական տալու անհրաժեշտություն չունի, եթե մեկ տարի անց էլ լիներ, իրենք անվստահության հարց չէին դնի։ Արդյոք սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ ԱԺ-ն չցրվի։
 
- Այստեղ երկիմաստ է իրավիճակը. Այսինքն՝ մի կողմից ՀՀԿ-ն հասկանում է, որ արդար ընտրությունների դեպքում ինքը հազիվ թե կարողանա խորհրդարան մտնել և այդ պատճառով փորձում է երկարաձգել իր քաղաքական կենսագրությունը։ Մյուս կողմից տեսնում է, որ այն, ինչ նախապես պլանավորել էր ՀՀԿ-ն, իրականանում է, որ ինչքան հեղափոխությունից շատ ժամանակ է անցնում, այնքան հեղափոխական էյֆորիան է անցնում։ Այնուամենայնիվ, տվյալ պահին, կարծեք թե, ՀՀԿ-ն կողմ է ավելի երկար խորհրդարանում մնալուն ու խոստանում է Նիկոլ Փաշինյանին, որ ինքն իրեն խելոք կպահի, կանի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։ ՀՀԿ-ն դրանով փաստորեն առաջարկում է Փաշինյանին թողնել իրենց մնալ ներկա աթոռներին։
 
-Իսկ արտահերթ ընտրություններ առաջիկա մեկ տարում, Ձեր կարծիքով, լինելո՞ւ են, թե ոչ։ ՀՀԿ-ն հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժով է եկել իշխանության ու հիմա շանտաժով էլ շարունակում է գործընթացներ իրականացնել։
 
- Այս ընթացքից հետո, երբ արդեն ՀՀԿ-ականները շոկից հետ են եկել, Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հասնելու համար պետք է օգտագործի երկու գործիք. մի կողմից՝ ԱԱԾ կողմից հավաքված կոմպրոմատները և դրանց հիման վրա ճնշումները, ըստ էության, անխտիր բոլոր ՀՀԿ-ական և հարակից պատգամավորների վրա, մյուս կողմից լինելու է հրապարակի ճնշումը, որն այս անգամ կարող է չբավարարվի ԱԺ ճաղերի մոտ հավաքվելով, այլ ավելի առաջ գնա, մտնի խորհրդարան։ Այս երկու գործիքների համադրմամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հասնել խորհրդարանի արտահերթ ընտրությունների, ինչի մասին 17-ի հանրահավաքին ակնարկեց։
 
-Հակահեղափոխության վտանգները  հեղափոխության երկրորդ փուլում ավելի շա՞տ են։
 
-Իրականում ես հակահեղափոխության վտանգներ չեմ տեսնում։ Եթե հակահեղափոխության առանցք ասելով նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, նա կարող է կոնսոլիդացնել կուսակցություններին, բայց ոչ երբեք հանրությանը։ Այս առումով, քաղաքական եղած դերաբաշխումների մեջ սա չի բերի հակահեղափոխության։ Սակայն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի համար հարմար գործիք է հակահեղափոխության դեմ պայքար սկսելու համար։ Իսկ  հիմա հեղափոխության երկրորդն փուլն է զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը առաջին փուլում ձեռք բերեց գործադիր իշխանությունը, հիմա պետք է փորձի ձեռք բերել օրենսդիր և դատական իշխանությունը, ինչի մասին, ըստ էության, ինքն էլ հայտարարեց։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play