Բացառիկ հնարավորություն ունենք կերտել համայն հայության երազած Հայաստանն իր մայրաքաղաքով (տեսանյութ)
10-09-2018 20:03:19 | Հայաստան | Հասարակություն
Ցանկացած հեղափոխություն բերում է նոր արվեստ, նոր մշակույթ, նոր մտավորականություն, հետևաբար այսօր բացառիկ հնարավորություն ունենք օգտագործելով համահայակական ներուժը՝ կերտել համայն հայության երազած Հայաստանն իր մայրաքաղաքով:
Հենց այս համոզմունքով էինք Երևանում հավաքվել մի շարք մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
«Երևանը համայն հայության մայրաքաղաք» խորագրի ներքո կայացած հանդիպում-քննարկման կարևոր շեշտադրումներից մեկը տարեսկզբին հայկական ոգու աննախադեպ զարթոնքը պահպանելն է, ինչի շնորհիվ մասնակիցների համոզմամբ՝ հնարավոր կլինի առարկայացնել հայության երազած Հայաստանի կերտումը:
Նոր Հայաստանում նոր արժեհամակարգի ձևավորման գործընթացում երաժիշտ Լուսինե Ազարյանին անհանգստացնում է մարդկային հարաբերությունների մշակույթը, ինչը նրա կարծիքով՝ հայերն անտեսելու իրավունք չունեն:
Նա ներկաներին կոչ արեց միմյանց հանդեպ սիրով ու հոգատարությամբ կառուցել մշակութային Հայաստանը:
Երկու տարի առաջ գործունեություն սկսած «Հայացք Հայքից» մտավորականության հարթակի շրջանակներում ոլորտային զարգացման ծրագրեր են մշակվել: Դրանց ծանոթանալու էին եկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության ներկայացուցիչները: