Երևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները. Լուսանկարներ

10-09-2018 18:21:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:
 

Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:
 
Ողջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ,
 
Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման: 
 
Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք Վրաստան իմ այցի արդյունքներով, կկրկնապատկվի: 
 
Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք,  և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ»: 
 
Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը: Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ: Համոզված եմ, որ այդպես վարվում եք նաև Դուք, և այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները: Բարով եք եկել»:
 
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ ուրախալի է Երևան ժամանելը: 
 
Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են: Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք: 
 
Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով: Մեր նոր ծրագրերը ևս լի են պատվախնդրությամբ, ամբիցիայով և աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ: Կարծում ենք` կհամագործակցենք այդ ուղղությամբ: Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, և կարծում եմ` մեր փորձով կկիսվենք նաև ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի: 
 
Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ, և այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել:  Մենք առավելագույնս շահագրգռված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում կապերը»:
 
Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
 
Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը և պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում:
 
Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել է ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար: 
 
Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը:
 
Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։ 
 
Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական փոխգործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 532 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար