Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին


Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին

  • 11-09-2018 16:28:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 
 
Վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հիմնադրամի կողմից մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը:  
 
Ալբերտ Պողոսյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ակնհայտ է քաղաքացիների ոգևորությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ջանքերով երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով: 
 
Այնուհետև Ալբերտ Պողոսյանը վարչապետին է ներկայացրել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, որոնց թվում է ՆՓԱԿ-ում արվեստի կենտրոնի ստեղծման նախագիծը: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զրուցակիցները նշել են, որ տեղի ունեցող փոփոխությունների շրջանակում պետք է նոր թափ հաղորդել նաև վերջինիս գործունեությանն ու նորանոր ծրագրերի իրականացմանը:   
 
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ալբերտ Պողոսյանը մտքեր են փոխանակել տարբեր թեմաների շուրջ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն