Հուշանվերներ՝ գերքաղաքների միջազգային օլիմպիադայում 2-րդ կարգի արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին


Հուշանվերներ՝ գերքաղաքների միջազգային օլիմպիադայում 2-րդ կարգի արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին

  • 12-09-2018 14:02:11   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հյուրընկալել և հուշանվերներ է հանձնել սեպտեմբերի 2-7-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված գերքաղաքների 3-րդ միջազգային օլիմպիադայում թիմային հաշվարկով 2-րդ կարգի արծաթե գավաթ և «Բլից» մրցույթում  2-րդ կարգի փոքր արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին: 
Կամո Արեյանը ընդգծել է կրթական նման նախաձեռնություններին երևանյան թիմի մասնակցության կարևորությունն ու այս պարագայում նաև գրանցած մեծ հաջողությունը՝ մայրաքաղաքի դպրոցականների կրթական ներուժը ներկայացնելու տեսակետից և մաղթել հետագա հաջողություններ:
 
Հարկ է նշել, որ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից անցկացված օլիմպիադային մասնակցել են աշխարհի 33 մեծ քաղաքներ, որոնց թվում Երևանը 12 լավագույններից է եղել: Մայրաքաղաքը ներկայացնող բոլոր դպրոցականները նվաճել են  մեդալներ. 3-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե: Օլիմպիականները նվաճած գավաթներն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ստորագրությամբ հավաստագիրն ի պահ են տվել Երևան քաղաքի պատմության թանգարանին, իսկ հաջող մասնակցությունը նվիրել Երևանի հիմնադրման 2800-ամյակին: 
Երևանյան թիմի կազմում արծաթե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լյովա Փանոսյանը, նույն դպրոցի 12-րդ դասարանցի Դավիթ Զոհրաբյանը և «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ Տիգրան Չթչյանը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, Սամվել Անդրեասյանը՝ «Քվանտ» վարժարանից, Նարեկ Բեգլարյանը, Քրիստինե Գրիգորյանը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, Հովհաննես Մաթևոսյանը՝ «Հերացի» ավագ դպրոցից արժանացել են բրոնզե մեդալների:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play