«Կախարդական սրինգ» օպերան ներկայացվել է Քուվեյթում, որը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում ներկայացվում էր առաջին անգամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Կախարդական սրինգ» օպերան ներկայացվել է Քուվեյթում, որը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում ներկայացվում էր առաջին անգամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 17-09-2018 13:34:25   | Քուվեյթ  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 13-15-ը հյուրախաղերով հանդես եկավ Դուբայում: Թատերաշրջանի ընթացքում տեղի ունեցավ Վ. Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի պրեմիերան Դուբայի նորակառույց օպերային թատրոնում: Փայլուն կատարումներով հանդես եկավ Երևանի օպերային թատրոնն արտիստական իր երկու կազմով:
Այս առիթով մենք զրուցեցինք թատրոնի մեներգիչ, բաս, Զարաստրոյի դերակատար Զոհրաբ Զոհրաբյանի հետ, ով խոսեց իր դերի մասին` նշելով, որ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել, միայն եղել է համերգային ձևաչափով: 
«Ժամանակին բեմադրվել է միայն Մոցարտի «Դոն Ժուան» օպերան, որը կոմպոզիտորի միակ օպերան էր, որ ներկայացվել էր Հայաստանում: «Կախարդական սրինգ»-ը Մոցարտի երրորդ և վերջին օպերան է, որից երկու ամից անց նա մահացել է: Այն համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը և ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում: Այստեղ հիմնական դերերը կազմված են հիերարխիկ փոխլրացումներով՝ Արև–Լուսին, Կրակ-Ջուր, Հող-Օդ: Ես անդրադառնամ իմ հատվածին՝ Արև-Լուսնին: Զարաստրոյի կերպարը հանրությանն է ներկայացվում առաջին գործողության վերջում և երկրորդ գործողության մեջ ամբողջությամբ: Նա մարդու ստատիկ խորհրդանիշն է, ով չի ճանաչում կիրքը, խորհրդանշում է Արևը և ներշնչված է Զորոաստր մարգարեի կերպարից և ի հակադրություն «Գիշերվա Թագուհու», ներկայացնում է կարգն ու բարոյականությունը»,- նշեց Զոհրաբյանը: 
 
Զարաստրոյի արիաները պատկանում են այն նույն հնչյունային աշխարհին, ինչպես մոցարտյան մոտիվ «Ave verum corpus»-ը՝ ստեղծված այն նույն ժամանակ, երբ կոմպոզիտորն աշխատել է «Կախարդական սրինգ» օպերայի վրա: Զարաստրոյի երաժշտությունը մեզ վստահություն է ներշնչում: Այն մի օրհներգ է առանց կեղծիքի և զարդարանքի: Կարելի է ասել՝ առավել անձնական և  իրական հավատի արտահայտություններից մեկն է Մոցարտի ամբողջ ստեղծագործության մեջ: Նրա «O Isis und Osiris» արիան ուղեկցվում է քահանաների երգչախմբով, ովքեր կրկներգեր են երգում օրհներգի ոճով՝ էլ ավելի արժանապատվություն հաղորդելով տեսարանին:
«Կախարդական սրինգ» օպերան կներկայացվի նաև Քուվեյթում` երկրի օպերային թատրոնի բացման շրջանակում, որը կլինի առաջին ներկայացումը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն