Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը ստուգում է Մոսկվայի և ՀԱՊԿ-ի արձագանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)


Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը ստուգում է Մոսկվայի և ՀԱՊԿ-ի արձագանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

  • 17-09-2018 16:44:10   | Հայաստան  |  Քաղաքական



 
Զորավարժությունների այս սցենարով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեսիջ է ուղարկում հայ ժողովրդին, որ ոչնչացնելու է Արցախում տեղակայված բոլոր ռազմական օբյեկտները: 
 
Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանում մեկնարկած լայնածավալ զորավարժություններին: 
 
Ըստ նրա՝ հակառակորդ երկրում մեկնարկած զորավարժությունները չպետք է կապել Հայաստանում օրերս ավարտված Շանթ-2018 զորավարժությունների հետ, քանի որ այդ երկրում ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին տեղի են ունենում նման զորավարժություններ: 
 
Ադրբեջանագետի խոսքերով՝ նախորդ տարիներին և այս տարի անցկացվող զորավարժությունների միակ տարբերությունն այն է, որ առաջին անգամ Ադրբեջանը բացահայտել է լայնամասշտապ զորավարժությունների սցենարը: 
 
«Ուզում եմ շեշտել, որ այդ զորավարժությունները նախապես պլանավորված են եղել, տրամաբանությունն է այսդպես հուշում, որովհետև նման լայնածավալ զորավարժություններին պետք է նախապատրաստվել մի քանի ամիս առաջ»,- նշեց Ա. Մովսիսյանը: 
 
Վերջինս անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նկատեց, որ այն պայմանավորված է վերջին աշխարահաքաղաքական զարգացումներով, մասնավորապես, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով և դրանցում առկա որոշակի խնդիրներով: 
 
«Ադրբեջանն օգտվելով այս ամենից, փորձում է իր հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ և դա անել ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների»,- ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը նաև ստուգում է Մոսկվայի և ՀԱՊԿ-ի արձագանքը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութերում

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play