«Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» Միջազգային գիտաժողովի բացման արարողություն


«Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» Միջազգային գիտաժողովի բացման արարողություն

  • 17-09-2018 18:24:30   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցում են 16 երկրի 67 գիտնական։
Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դեսպաններ, պատվավոր հյուրեր։
 
Ռադիկ Մարտիրոսյանը իր բացման խոսքում նշեց Վ. Համբարձումյանի կարևոր դերը Հայաստանում գիտության զարգացման հարցում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը համեմատեց գիտնականներին քաղաքական գործիչների հետ և օրինակ բերեց 1968թ. Չեխոսլովակիայում Համբարձումյանին ջերմ ընդունելությունը, որն այդ օրերին բացառվում էր այլ խորհրդային առաջնորդների դեպքում: «Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաև հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետև նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում:»,- հավելեց նախարարը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում նշեց որ ներկայումս երկրի անվտանգության խորհուրդը սերտորեն զբաղվում է տիեզերական անվտանգության հարցերով: 
Ողջույնի խոսքերին հաջորդեց Արեգ Միքայելյանի բացման զեկուցումը նվիրված Վ. Համբարձումյանի կարևորագույն գիտական աշխատանքներին: Նշվեց 3 աշխատանք, որոնք արժանի էին Նոբելյան մրցանակի: 
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան,  Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը:  Միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում մինչև սեպտեմբերի 21-ը: 
 
 
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն