ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցը Վայոց ձոր


ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցը Վայոց ձոր

  • 18-09-2018 16:03:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այց կատարեց Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին:
Վայոց ձորի մարզում նախարար Ռոստոմյանը հանդիպեց Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին: Նրանց հետ զրույցում նախարարը նշեց, որ մարզում անելիքները բավականին շատ են. դրանք կապված են ինչպես հրշեջ-փրկարարական, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության հետ: Մարզպետ Արագած Սաղաթելյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարար Ռոստոմյանին՝ մարզ այցելելու և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի մարզային խնդիրներին տեղում ծանոթանալու համար:
 
Նախարարն այցելեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը: Հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի շարք խնդիրներ արձանագրեց՝ նշելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում առկա խնդիրների համար անհրաժեշտ է օպտիմալ լուծումներ գտնել. մասնավորապես՝ բարելավել հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, ներկայացնել առաջարկներ ՀՓՋ-ների տարածքների վերաբերյալ:
Նախարար Ռոստոմյանը Եղեգնաձոր քաղաքում եղավ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում: Նախարարը շրջեց փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում, Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: 
Մարզային փրկարարական վարչությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ նախարար Ռոստոմյանը նշեց, որ վերջերս իրականացված ստուգումները նպատակ ունեին վեր հանելու առկա խնդիրները և կարճ ժամանակում դրանց համար լուծումներ գտնելու: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Սարգսյանը զեկուցեց նախարարին, որ մարզային վարչության փաստաթղթաշրջանառությունն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Նախարարը հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի կազմումը: Խորհրդակցության ընթացքում նախարարը հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել ծառայության կարգապահությանը, տեղի բնակիչներից կազմել կամավորական ջոկատներ: Քննարկվեց նաև մարզային փրկարարական վարչության կադրային համալրման հարցը: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ կադրային խնդիրն առկա է բոլոր մարզային փրկարարական վարչություններում, հանձնարարեց ներկայացնել առաջարկություն կադրերի թվի վերաբերյալ և հավելեց, որ առաջնահերթությունը տրվելու է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտներին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն