Հայ-արգենտինյան կրթական համագործակցության նոր հեռանկարներ


Հայ-արգենտինյան կրթական համագործակցության նոր հեռանկարներ

  • 18-09-2018 16:24:21   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
 
Ողջունելով հյուրին՚ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-արգենտինյան առկա համագործակցության ամուր հիմքերը հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացումը որակական  նոր մակարդակի բարձրացնելու և կրթության համակարգում հետագա ծրագրեր իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով կրթության համակարգում ավելին իրագործելու նախապայմանը հայ-արգենտինյան բարեկամության ներուժն է: Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցության առաջնահերթությունների մասին` ԿԳ նախարարը կարևորել է Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը` առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտությունները: Համագործակցության համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է նաև հայկական կրթական բրենդային փաթեթի ձևավորման  կարևորությունը` շեշտելով այն հանգամանքը, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա եվրոպական մի քանի  երկրներում:
 
Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը պայմանավորված են ինչպես կառավարությունների մակարդակում, այնպես էլ հայկական սփյուռքի գործոնով: Դեսպանի հավաստամամբ, կրթության ոլորտն Արգենտինայի դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկն է և իրենք պատրաստակամ են բաց համագործակցության: Ներկայացնելով կրթության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության ծրագրերը՚ պարոն  Ուրրիոլաբեիտիան առանձնացրել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության ծրագիրը, մասնավորապես ընդգծելով առաջիկայում արգենտինական կենտրոնի բացումը, որը կնպաստի արգենտինյան իսպաներենի դասավանդման, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման բարելավմանը: Հեռանկարային ծրագրերի շարքում դեսպանը կարևորել է նաև իսպաներեն ձեռնարկի հրատարակման և դպրոցներում գյուղատնտեսական  մոդելի ներդրման ծրագրերը:
 
Հանդիպմանն անդրադարձել են նաև Երևանի  «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական և Վաղարշապատի Էռնեկյանի անվան դպրոցներին, ինչպես նաև իսպաներենի ուսուցման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն